Մանկունին մի թուղթ բերավ Սինոդից և խունջիկ-մունջիկ գալով՝ ասաց. - իշտե՛, մարդս քեզի խմբագիր ըրած է, «Արարատ»-ի երկրորդ տարին դուք պիտի սկսիք։
Թուղթն առա կարդացի և «շատ լավ, ասացի, թեպետ ավելի լավ կլիներ, որ խմբագիրը միաբանությունից մեկը լիներ, ես կլինեի նրա օգնականը»։
֊ Ո՛չ, պետք չէ, դուք կլինիք խմբագիր, իսկ ես ամեն կերպ կօգնեմ ձեզ։
- Բայց այս մի անպատվություն չէ՞ միաբանությանը։
- Ոչ, որովհետև խմբագրի անունը չի գրվիր, ո՞վ պիտի իմանա, որ խմբագիրը միաբանությունից չէ։ Վերջապես մարդս այսպես կբարեհաճի, քո մասին անոր շատ բան ըսած է Սանասարյանցը։
Մանկունին վեհափառի մասին խոսելիս՝ ասում էր մարդս, որ իրանց լեզվում ներելի էր, բայց ես ու Բաստամյանցը, որ հետո եկավ, այդ բառը լսելիս չէինք կարողանում մեր ծիծաղը բռնել։
Նոր «Արարատ»-ը սկսեցի ես անպատրաստից, և ինձ համար անակնկալ կերպով։ Առաջին իսկ համարում մի առաջնորդող գրեցի «Աշխատություն» վերնագրով, որի մեջ ցույց
տվի, թե որպիսի ուղղություն պիտի ունենա «Արարատը», թե ընդհանուր տիեզերքը շարժման մեջ է, ուրեմն մենք ևս պիտի շարժինք, պիտի աշխատինք, թե՝ աշխատությունը մարդուս համար մի անեծք չէ, ինչպես կարծում են, այլ օրհնություն: Բոլոր ասածներս վերաբերում էին ոչ այնքան ազգին, որքան նույնիսկ միաբանությանը, որ երեսի քրտինքով հաց ուտելու սովոր չէր, չէր աշխատում, չէր սովորում, չէր ինքնակրթվում։ Միևնույն համարում սկսեցի և իմ «Խորհրդածություններս դաստիարակության վրա»։ «Արարատ»-ը ոչ միայն արտաքուստ, այլև ի ներքուստ դարձավ մի նորություն և շատ հետաքրքրական։ Պետերբուրգից բարեկամներս շնորհակալություն գրեցին, Թիֆլիսի բարեկամներս գովաբանեցին «Մեղու»-ում և ես ավելի խրախուսվեցի։
երկրորդ համարում դուրս եկավ իմ խորհրդածությունս նոր ուսումնարանի մասին։ Այն ժամանակ դեռ ճեմարան բառը չկար։ Սրբագրության թերթն ուղարկում էի վեհափառին