Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և նա վրան գրում էր՝ տպեսցի: Այդ խորհրդածությունը որ ուղարկեցի, ինձ կանչեց մոտը, և սկսեց օրհնել և գովել, և վերջումն ավելացրեց.


- Իմ մասին ասում են, որ իբր թե ես շատ եմ սիրում գովասանք։ Այստեղ դուք ինձ գոված չեք, բայց ինչ որ լավ է, լավ է, լինի գովասանք, թե ոչ: Ապրի՛ս տղաս, դու շատ ուսումնականներու գլխու վրա լիմոն կքամես…


Վեհափառն աշխատում էր, որ ինձ հետ արարատյան բարբառով խոսի, բայց դուրս էր գալիս մի խառնուրդ. խառնում էր և եզակի և հոգնակի դեմքով խոսելը։ Ինչ որ է, բայց այս անգամ ես մի թիզ բարձրացա վեհափառի աչքում, թեկուզ սրտանց լիներ ասածը, թեկուզ նպատակավոր, և սկսեցի ավելի ևս ազատ գրել։


Խորհրդածություններս գրելու համար ձեռքիս տակ չունեի ոչ գրավոր աղբյուր, ոչ օժանդակող գիրթ։ Այս մասին գրեցի Պետերբուրգ Ա. Բաբայանցին, Ն. Աալամբեկյանցին, որ այդ նյութի վերաբերյալ կարևոր գրքեր հասցնեն, բայց նրանք պատասխանեցին, թե՝ «դու այն ասա, ինչ որ արդեն գիտես, այդ էլ շատ է. թե մենք էլ կաշխատակցենք «Արարատ»-ին և քո պակաս թողածը կլրացնենք դաստիարակության մասին»։ Սրանք իրանց խոստումը կատարեցին, բայց ոչ իմ խնդիրս, վախենալով, ինչպես հետո իմացա, թե մի գուցե ես կսկսեմ թարգմանություն անել և հոդվածներս զրկել իրանց սրտաբուխ թարմությունից, մոռանալով, որ ամեն աճելություն սնունդ կպահանջե։


Խորհրդածություններիս մեջ այն միտքն էի ուզում տարածել, ինչ որ պահանջում էր նորագույն մանկավարժությունը, թե մարդուս բարոյական, մտավոր և ֆիզիկական կողմերի զարգացման մեջ պետք է ներդաշնակություն լինի, կամ՝ որ նույն է հոգու, մտքի և մարմնի մեջ։ Այդպես էլ գրեցի ես։ Նախ մարմնի մասին, այսինքն ֆիզիկական կրթության, որի համար արհեստն անհրաժեշտ համարեցի, հետո մտքի մասին։ Կարգը որ հասավ հոգուն, ես շատ նեղն ընկա։ Ինչպե՞ս գրեի, որ ոչ հոգեբանության հակառակ լինի և ոչ աստվածաբանության, Ինձ օգնույթան կանչեցի մեր Դավիթ Անհաղթին իր «Սահմանք իմաստասիրության» գործով, որպեսզի ինչ տեղ որ ասածս հակառակ


435