լինի միջնադարյան գաղափարներին, իսկույն մի վկայություն բերեմ հինգերորդ դարու փիլիսոփայից, որ մեզանում և՛ սուրբ է համարվում և՛ աստվածաբան։ Ուշադրության արժանի է, իրավի, որ մեր հինգերորդ դարու հայրերը շատ բաներ ունին ասած, որոնք գլխովին հակառակ են վերջին դարերի սրբացած գաղափարներին։ Մեր Եղիշեի ասելովը, թե «Բոլոր մարմնոյս հոգի է կենդանութիւն, իսկ հոգւոյ և մարմնոյ միտք են կառավար», մի ահագին քար է գցում այն ինքնակոչ աստվածաբանների գլխին, որոնք մտքի թելադրությունը չարի թելադրություն են համարել, և իմաստությունը՝ հիմարություն։
Երբ հոգու մասին գրած հոդվածս ուղարկեցի վեհափառին, որ վրան գրե տպեսցի, նա այդ հոդվածը շատ խրթին էր գտել և հանձնել էր Տեր-Հովսեփյանցին և Թաղիանոսյանցին, որ քննեն։ Սրանք ետ էին դարձրել հոդվածս, ասելով՝ «Վեհափառ տեր, սա աստվածաբանության է վերաբերում, իսկ մենք այդ գիտությունը չունենք, տվեք եպիսկոպոսներին քննելու»։ Վեհափառը կանչում է Սարգիս եպիսկոպոս Հասան-Ջալալյանին և ասում է, որ մի ժողով կազմի իր նախագահությամբ և այդ հոդվածը քննադատե։ Ժողովը կազմվեց, ուր բացի նախագահից, ներկա էին Աբել եպիսկոպոս Մխիթարյան, Գրիգոր եպիսկոպոս Մուշեղյան, Գրիգոր եպիսկոպոս Սագինյան և էլի ուրիշ եպիսկոպոսներ և վարդապետներ, որոնցից շատերը եկել էին միայն այդ հանդիսին ներկա լնելու։ Ինձ կանչեցին, որ կարդամ իմ հոդվածը և պաշտպանեմ: Պաշտպանվելուս իրավունքը վեհափառն էր տվել։ Վարպետ մարդ էր, նա ուզում էր և՛ հոդվածս պաշտպանված և ազատված լինի, և՛ ինքը չլինի թույլ տված, որ բան է, եթե դրա տակիցը մի բան դուրս գա, ինքը մեղապարտ չլինի։
Սարգիս եպիսկոպոսը, իբրև համերկրացի, ինձ սիրում էր որդու պես, մանավանդ որ իր աշակերտի աշակերտն էի։ Մյուսները նույնպես շատ հարգում էին, ոչ ոք տրամադրություն չուներ վրաս հարձակվելու, մանավանդ որ աստվածաբանություն ասածդ նրանք էլ միայն ինձ չափ էին հասկանում, գուցե դեռ մի քիչ էլ պակաս։ Բայց նրանք միևնույն Ժամանակ և բարի էին, շատերը մինչև անգամ ինձ պաշտպանում