էին։ Այնուամենայնիվ էլի շատ տեղեր ջնջել տվին, ասելով միայն, թե՝ երկդիմի է դուրս գալիս ասածդ և շատերը կարող են գայթակղվել։ Ես էլ ջնջում էի խաթրի համար՝ չարաչար սլաշտպանելուց հետո, որով հոդվածս բավական կցկտուր դուրս եկավ։ Այդ ժողովում ես մի բան սովորեցի. Սարգիս սրբազանը շուտ շուտ «Հովհաննես-Հակոբի» անունն էր տալիս, հետո իմացա, որ այդ Հովհաննես-Հակոբր Ժան-Ժակ Ռուսոն է եղել, որից իբր թե ես շատ մտքեր եմ սեփականել։
Այս թշվառ հոդվածը իմ կրոնական գաղափարները ձգել տվավ կասկածի տակ։ Այվազովսկին կարդացել էր և Պետրոս եպիսկոպոսին ասել, թե «Արարատ»-ում անաստված բաներ են տպվում, իսկ վեհափառը դրա վրա ուշադրություն չի դարձնում։ Հիրավի «Արարատ»֊ն իմ ձեռքում կրոնական դրոշմ չէր կրում իր վրա, բարոյակրթական էր և զարգացուցիչ։
Այս ժամանակ եթե մի լավ բան կար էջմիածնում, այդ տպարանն էր և ձուլարանը, որ Միքայելիս շնորհիվ շատ պայծառացավ, և մեկ էլ վերանորոգված «Արարատ»-ը, որի մեջ վերջումը տպեցի և «Բացատրություն բնության երևույթների»։ Ով էլ գալիս էր ուխտ կամ այցելության, ինձանից էր միայն գոհ մնում և շնորհակալություն անում։ Նույնիսկ նահանգապետ Կարմալինը, որ մի լուսամիտ և զարգացած մարդ էր, ձեռքս բռնեց և շնորհակալություն արավ։ Երբ իմացավ ռոճիկիս քանակությունը, «շատ քիչ է» ասաց, և վեհափառին առաջարկեց, որ ավելցնե իմ ռոճիկը։ Շուտով ավելցրին
երկու հարյուր մանեթ էլ, բայց Մանկունին սկսեց քիչ-քիճ ոտքն առաջ դնել, սկսեց նախանձել։ Նա շատ էր աշխատում, բայց նրա արածը չէր երևում, պատիվն ինձ էին տալիս։ Նա էր իմ ու վեհափառի մեջտեղ եղող մարդը, իմ պահանջներս նա էր տեղ հասցնում և անհապաղ կատարել տալիս, բայց այդ չէր երևում, ոչ ոք դրա համար նրան շնորհակալություն չէր անում։ Սրա համար ահա նա մտածեց, որ ինձ դուրս անել տա և իմ պաշտոնն ինքը կատարե։ Իսկ այդ շատ հեշտ էր։ Գիտեր, որ ես ոչ մի բանում զիջում չեմ անիլ և շատ կնեղանամ ու դուրս կգամ, իսկ այդպիսի առիթներ շատ կային։