Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հորդորում էր, որ դուրս գան այդ ստոր վիճակից և մի աշխատություն ձեռք բերեն։ Այսպիսիների մեկի հետ ես անձամբ ծանոթացա։ Չափից դուրս գեղեցիկ էր և բավական զարգացած։ Այս աղջիկը Պետերբուրգումն էր և գտնվում էր այնպիսի մի տեղ, ուր գրականության մեջ մարդիկ գնալու սովորություն չունին, թեե իրականի մեջ շատ են հաճախում։ Այդ աղջիկն ահա Մ. Տեր-Գրիգորյանցին ցույց էր տվել Բաստամյանցի գրած նամակները Մոսկվայից, որով առաջարկում է հեռանալ ինքնավաճառությունից և մի գործով պարապել։ Այդ նամակներից մեկի մեջ ասում է՝ - Եթե դու այդ քաջությունն ունենաս, ես խոստանում եմ մինչև անգամ ամուսնանալ քեզ հետ։ Աղջիկը չէր համաձայնել, առարկելով, որ կարող է նրա անկեղծ սերը և մտերմությունը, նրա բարեկամեցողությունն ի չարր գործ դնել։


- Ի՞նչ կասես սրան, - հարցրեց ինձ Մ. Տեր-Գրիգորյանցը։


- Այն Կասեմ, - ասացի, - որ այս աղջիկը իր ընկած վիճակի մեջ շատ և շատ բարձր է քեզանից, որ ամեն այդպիսի վսեմ զգացմունքների վրա ծիծաղում ես։


- Ա՜խ, ես մոռացա, որ դու էլ Բաստամյանցից բեթար հիմար ես, - սրախոսեց Միքայելը։


Բաստամյանցն այդ ժամանակ ընդհանուր մարդասիրական զգացմունքներով էր տոգորված, նեղ ազգասիրական ոգի չուներ։ Նա ինքնակրթության և արհեստների պաշտպան էր։ Ամեն ինչ սովորում էր ինքն իրան, հենց դրա համար համալսարան չէր հաճախում, և բոլոր կուրսերի քննությունն էլ միանգամից տվեց, որով զարմացրեց շատերին և գրավեց պ. Սանասարյանցի ուշադրությունը։ Նա դեռ ուսանող ժամանակ «Մեղուն»֊ի առաջին տարիներում տպեց Բենիամին Ֆրանկլինի կյանքը։ Նա չէր կարող երևակայել, որ՛ այդ մարդու կենսագրությամբը ինձ մեծ խրախույս տվեց։ Վերջերումն ասում էի ես իրան այս բանը։ Նա շատ հոդվածներ էր գրում, բայց տպել էր տալիս կեղծ ստորագրություններով և դրանով էլ պարծենում էր։ - Այս ինչ հոդվածը ես եմ գրել, - ասում էր, - բայց անունս չեմ դրել։


440