մամոլ երեխայի նման այնպես էր ուռել, որ քիչ էր մնում լաց լինի։ Յուր այդ դիրքով զգացնել էր տալիս, որ ժողովն օգուտ է քաղում նրա անպաշտպան վիճակից, նրա պաշտպանի բացակայությունից, հիշեցնում էր մորից հեռու զրվող երեխայի, որ ճարահատյալ կանչում է՝ վա՜յ, նանի՛… Մտքումս ասում էի՝ «Հիմա այդպես չես, բայց աստուծով այդ օրը կընկնես ժամանակով, և կզգաս, թե ում շնորհիվ էիր զըրթփրթում և սիրամարգի պես պոչդ խաղացնում»։
Ժողովը միաձայն ինձ պաշտպանեց, բացի Սուրենյան սարկավագից։ Դա արդեն նվիրվել էր Մանկունու խնամակալությանը, դառել էր նրա գաղտնատուն։ Բայց այնպես էր ուզում պահել Մանկունու կողմը, որ ինձ էլ չլինի վիրավորած, բայց ինչ կուզի լինի ինձ ավելի մոտիկ էր համարում իրան, քան թե Մանկունուն։ Բայց դրանով չէր կարող շահել իմ սիրտը, քանի որ ես արդեն շատ բան գիտեի իր հաղորդածներից։
Վերջումը խոսեց Գրիգոր եպիսկոպոսը շատ վրդովված և հուզված, կարծես մի առիթի էր սպասում, որ իր բոլոր մաղձը թափե Մանկունու գլխին։ Ցածրից սկսեց և հետզհետե բարձրացրեց ձայնը, վերջումը մատը թափ տալով Մանկունու վրա՝ ասաց. - է՜, տիրացու, ոտքդ շատ ես առաջ դրել. աղի մկան պես ամեն բղուղի մեջ ես ընկնում, ամեն բանի մեջ խառնվում։ Եթե դու ես տպարանի տերը, նրա վրա հսկողը, էլ այս ի՞նչ ժողով է, ինչո՞ւ է սրա անունը տպարանական։ Մի՞թե մենք քո ծառաներն ենք։ Ինչպե՞ս թե՝ «կա՛մ ես, կա՛մ Աղայանցը»։ Դու ո՞վ ես, ինչացո՞ւ ես։ Եթե դու մի բանի պետք էիր, էլ ո՞ւր էինք այդ մարդուն հրավիրում Եվ ապրի՛, զորանա, դա մեր սպասածից, մեր ակնկալությունից էլ շատ ավելի բարձրացրեց թե մեր տպարանը և թե ամսագիրը։ Այս բանը մենք մեր երազումն էլ չէինք տեսել։ Հետո դառնալով ինձ, ասաց.
- Պարոն Աղայանց, դուք ձեզ համար միամիտ և անհոգ եղեք, ոչ ոք իրավունք չունի ձեզ վրա, բացի վեհափառից։
Մանկունին դուրս գնաց սևացած՝ ինչպես երեսին մուր քսած, իսկ ես դառնալով Մուշեղյանին՝ ասացի․
- Սրբազան հայր, ես մի ազատ մարդ եմ, ուր լինի՝ կապրեմ,
444