Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս բանը այնպես մեծացավ, ինչպես գլորվող ձնագունդը, որից ահագին կույտ շինելով' վերջումը մի հրեշի կերպարանք են տալիս վրան պոչ ու գլուխներ ավելացնելով։


Հոգաբարձուները տակնուվրա եղան իրանց նախագահի հետ, կանչեցին տեսչին, որ անհապաղ մի ժողով կազմե և ստիպե ինձ, որ ես իմ ասածներս ետ առնեմ և ներողու թյուն խնդրեմ։


Ժողովը կազմվեց. ներկա էին բոլոր ուսուցիչները, ամենքն էլ միաձայն և միախորհուրդ, բացի մեկից, որ իմ կողմն էր։ Դա մի հայկաթոլիկ երիտասարդ էր, բայց մտավորապես ավելի լուսավորչական էր, քան բուն լուսավորչական վարժապետները։ Մի հառաջաբանով տեսուչը հայտնեց ժողովի նպատակը։— Ժողովուրդը հուզված է,— ասաց, — որովհետև դպրոցի վարկը վայր են ձգել նրա աչքումը։ Տարաբախտաբար մեզանից մեկն է արել այդ, և հատկապես պ. Աղայանցը։։ Հոդաբարձոլթյունը ցանկանում է, որ պ. Աղայանցը ետ առնե իր ասածները, եթե իրավ ինքն է ասել, իսկ եթե ոչ, արդարանա, ցույց տա, որ ինքն այդպես բան ասած չէ, որ այդ բոլորը զրպարտություն է։ Հիմա խոսքը ձերն է, պ, Աղայանց։


— Շատ ուշ եք խոսք տալիս ինձ, պ. Աբովյանց։ Եթե նախքան այս ժողովը' կանչած լինեիք ինձ առանձին, ես ձեզ խորհուրդ կտայի, որ ժողով չկազմեք, քանի որ ամբողջ տարին ոչ մի ժողով կազմած չեք։ Դուք գիտեք, որ քննություններն սկսում ենք և արդեն մեկ շաբաթից կվերջանա։ Քննություններից հետո' սուս ու փուս ինձ կհեռացնեիք իբրև մի խռովարար մարդու, և ձեր գործը կշարունակեք ձեր ասածի պես։ իսկ հիմա ինչ ասեմ։ Ինչ որ դուք լսել եք, ես էլ եմ Լսել։ Այնպես բաներ են ասում, որ ես նոր եմ իմանում և ինքս չգիտեմ նրանց սուտն ու ճշմարիտը, բայց այդ հրդեհն ես ինքս եմ գցել, ես եմ վառել։


— Ուրեմն պետք է ետ առնեք ձեր խոսքը, ձեր ասածը, որովհետև դուք անպատվել եք բոլոր վարժապետներին, վայր եք գցել սրանց վարկը ժողովրդի աչքում, պետք է այս պարոններից ներողություն խնդրեք։

459