տեղից էլ ճեմարան. Ռուբեն Ջալալյանցը գնաց Ագուլի ուսուցչության, հետո եկավ Թիֆլիս հյուրանոց բաց արավ, որ մի տեսակ կլուբ դարձավ ժամանակակից երիտասարդության համար. Զաքարյա Գրիգորյանցը գրախանութ բաց արավ և միևնույն ժամանակ Գայանյան ուսումնարանի հիմնադիրներից և ուսուցիչներից մեկը դարձավ. Գևորգ Եվանգուլյանցը ձգտում էր ամենքի մենտորը դառնալ. Սենեքերիմ Արծրունին «Մեղու»֊ի վերանորոգողներից մեկը դարձավ և Գրիգոր Արծրունու ախոյանը հանդիսացավ. Գ. Արծրունին «Մշակ»-ը հիմնեց և Մեղվական խմբի դեմ պարպեց իր դրոշակը։ Գավառներում ցրվածներն էլ իրանց շրջանում հասարակական գործունեության նվիրվեցին։ Սրանցից մեկն էր ահա և Ավետիք Բաբայանցը, որ Ալեքսանդրապոլի դպրոցական գործի գլուխն անցավ։
Սույն այս խումբը դեռևս Պետերբուրգումն ուներ իր ապագա գործունեության ձգտումը։ Այնտեղ դասագրքեր պատրաստելու հոգս էին քաշում, հորինում և թարգմանում էին. հետևում էին կրթական գործին, ուխտում էին ծառայել ազգի մտավոր և բարոյական զարգացմանը փոխադարձ ձեռնտվությամբ։ Ա. Բաբայանցը դեռ ուսանող ժամանակ ձգտումն ուներ դառնալ բժիշկ-մանկավարժ։ Նա իր ազատ ժամերի մի մասը նվիրել էր դաստիարակչական գրվածքների ուսումնասիրության։ Բայց հետո այս բաժինն իր ամուսնուն հատկացրեց, տալով նրան ամենալավ կրթություն, որից հետո նա դարձավ մեր մեջ մանկական անդրանիկ պարտիզպանուհին, որ իր լայն նախագիծը չկարողացավ ի կատար ածել իրանից անկախ պատճառով։
Ես ևս՝ դեռ Պետերբուրգում՝ սեր ձգեցի մանկավարժության վրա ու մասնավորապես այդ նորածիլ ու թարմ գրականությանը նվիրվեցի։ Այդ գրականությունը իմ հայացքների մեջ ահագին հեղափոխություն ձգեց, ամեն բանի վրա ես սկսեցի նայել բարոյակրթական տեսակետից, որով իմ վիպական գրածներս անգամ ստացան այդ դրոշմը։ Նոր էին դուրս գալիս մին մինի ետևից Ֆրեոբելի, Պեստալոցցու, Դիստերվեգի, Քեհրի թարգմանությունները և ռուս մանկավարժների ինքնուրույն գրածները։ «Ուչիտել» (ուսուցիչ) պարբերական