ուժին գերակշռող և նրան սիրելի և հարգելի մի նոր ուժ: Այս բախտին արժանացավ ահա Ա. Բաբայանցը, իբրև աղայի որդի, բայց բարոյապես և մտավոր զարգացմամբ ժողովրդական։
Դեռ ուսումը չսկսած՝ Ավետիքը մի ժողով կազմեց հոգաբարձուներից և այն միտքը հայտնեց, թե Բեգնազարյանցին և Աղայանցին պետք է միմյանցից անկախ կացուցանենք, պետք է տղայոց դպրոցը հանձնել Բեգնազարյանցին, իսկ օրիորդացը՝ Աղայանցին։ Այսպես էլ արին։ Դպրոցների տեսչությունը իրարից բաժանելով՝ ուսուցչական ժողովները չբաժանեցինք։ Ժողովները խառն էին լինում և երբեմն շատ աղմկալից։ Վիճում էինք միայն ես և Բեգնազարյանցը, մյուսները միայն ականջ էին դնում, և երբ հարկ էր լինում ձայն հավաքել, դուրս էր գալիս մի կատակերգություն, որովհետև ձայն տվող վարժապետները կամ ինձ էին ուզում հաճոյանալ կամ Բեգնազարյանցին, չէին ըմբռնում խնդրի էությունը։ Այս միայն սկզբումն էր, երբ ուզում էինք հին խալիֆաներից նորակիրթ ուսուցիչներ շինել, բայց հետզհետե ուսուցչական կազմությունը լավացավ և մեր մեջ տիրեց կատարյալ ներդաշնակություն։ Նոր ուսուցիչներն էին Հայրապետ Ղուկասյանց, որը տասը տարուց ավելի ծառայեց Ալեքսանդրապոլի երկու սեռի դպրոցներին ամենայն տոկունությամբ, բժիշկ Գաբրիել Հովհաննիսյանց, որ հետո տեսուչ էլ եղավ, Ավետիք Եզեկյանց, Հայկ Մատակյանց և այլք։ Երկու խմբի հարաբերությունը այնքան սերտացավ, որ միացյալ ուժով բաց արինք էլի մեկ նոր ուսումնարան օրիորդաց համար Սահականուշյան անունով, ուր ձրի էինք դասախոսում ամենքս էլ։ Ամբողջ Կովկասում ոչ մի դպրոց չկար, որ Ալեքսանդրապոլի դպրոցների բարեկարգությունն ունենար։ Մանկավարժական ամեն տեսակ խնդիրներ այդտեղ սկսեցին մշակվել, ամեն տեսակ հոդվածներ այդտեղ սկսեցին գրվել, մանկավարժական ամեն մի խելացի պահանջ, որ միայն գրքերումն էին, այստեղ իրագործություն էին ստանում։
Մասնավորապես գալով ինձ, պետք է ասեմ, որ իմ գործունեությունը՝ թե գրական և թե ուսուցչական՝ այստեղ իմ սպասածից ավելի բեղմնավոր եղան։ Լինելով ըստ ամենայնի անկախ, գործում էի ուզածի պես և ուրիշներին էլ 470