Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա տեսնե։ Ես չգիտեի, որ «Մշակ»֊ի նախորոշած խմբի մեջ երկպառակություն է ընկել և Պետերբուրգի ուսանողները Արծրունուց զատվելով` խմբվել են Պ. Սիմեոնյանցի շուրջը, որ վերանորոգեն հոգնած և մեռած «Մեղու»֊ն։ Երկու շաբաթ անցած ես մի նամակ ստացա տիկին Սրբուհի Երիցյանի և օր. Գայանե Հովհաննիսյանի ստորագրությամբ, որով ինձ շնորհակալություն են հայտնում այն քաղցր տպավորության համար, որ ստացել են իմ նոր վեպի ընթերցումից իրանց գրական երեկոյում։ Սրանից հետո դուրս եկավ «Մեղու»-ն մի հայտարարությամբ, թե «Մեղու»֊ի բաժանորդները իրանց չստացած համարների փոխարեն կստանան Աղայանցի «Երկու քույր» վեպը, որ արդեն մամուլի տակ է։ Սրանից երևաց, որ մեր լոթիքը մեղվական դառնալով՝ ինձ էլ ձգել են իրենց կարգը. մի քանի համարներից հետո նկատեցի, որ «Մեղու»֊ի խումբը բավական անշնորհք է և իմ դավանած ուղղությունը չունի։ Բայց այլևս ուշ էր, Արծրունին ինձ համարեց մեղվական, այսինքն նրանց համակիր, նրանց ոգին և ուղղությունն ունեցող։ Իհարկե, ես մեղվական չէի, բայց ոչ էլ համակիր էի Արծրունու բնավորության մի քանի գծերին։ Հաջող դիպվածի էի սպասում, որ ազատվեմ «Մեղու»֊ից առանց կպչելու Արծրունուն և այդ դեպքը շուտով վրա հասավ։ Աբգար Հովհաննիսյանն սկսեց «Փորձ»֊ը և ինձ իրան օգնական հրավիրելով՝ ձգեց փորձանքի մեջ։ «Փորձ»֊ի ապագա խմբագիրը, երբ ես տեսա առաջին անգամ, չափից դուրս լավ տպավորություն գործեց վրաս, գուցե նրա համար. որ «ժպիտը բերնից ցած չէր գալիս, անմեղության էր նըշան»։ Եվ հիրավի, թեև նրա այդ ժպիտը ստացական և շինովի էր, բայց ինքը դեռևս բավական անմեղ էր և անփորձ, բայց փորձի ու փորձանքի մեջ ընկնելու պատրաստակամ: Դրա փիլիսոփայությունը դեռևս փորձի ու փորձանքների չորս կողմն էր պտտվում: Եթե արած փորձը հաջող էր դուրս գալիս, ասում էր «լավ պրծանք», իսկ եթե անհաջող, ասում էր՝ «լավ խրվեցանք»։ Այսպես շարունակ մի փորձից պրծնում և մյուսի մեջ էր խրվում և ինքն իրան մխիթարում, «ասելով՝ «Մախլա՜ս»… 472