տաց համար։ Ներքին սերը դրսի հաստ կեղևից թխել չէր կարողանում։ Ուսուցանում էր որպես արվեստ, կամ, ինչպես կասեն՝ արվեստի բոլոր կանոնների համեմատ, բայց ոչ իբրև Մեսրոպ, որ «Ոչ իբրև զարուհեստ ուսուցաներ, այլ որպէս զհոգի առաքելաբար աշակերտացն տայր»:
IX
Հինգ տարու չափ մնացի ես Ալեքսանդրապոլում և շատ գոհ էի վիճակիցս, սիրված, հարգված և մխիթարված էի ամեն կողմից։ Բայց ամեն ինչ թե՛ բնության և թե՛ կյանքի մեջ պարբերական է։ Լավն ու վատը, դառն ու քաղցրը, ուրախությունն ու տխրությունը, հաջողությունն ու անհաջողությունը շարունակ հաջորդում են միմյանց, ինչպես տարվա չորս եղանակները և գիշերն ու ցերեկը։
Սրա վրա շատ չանցավ երկոքին զավակներս մեռան — Սոնան և Հայկս։ Սարսափելի բան է առաջին կսկիծը որդեկորույս ծնողի համար։ Մոր վիշտը շատ և շատ խոր էր, բայց սիրտն էր գցում և հալվում, մաշվում, իսկ ես գոռում էի գազանի պես, որ դուրս մղեմ սրտիս կսկիծը։ Ես հետո թեթևանում էի, իսկ նա ծանրանում էր։
Ես սկսեցի նիհարել, ձայնս կտրվեց։ Ամուսինս ավելի վատ վիճակի մեջ ընկավ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես: Նրան շուտ ուղարկեցի Թիֆլիս, իսկ ես հրավիրեցի օր. Անգլիցյանին օրիորդաց դպրոցի համար. սրա հետ ամուսնացավ իմ բարեկամ Ա. Եզեկյանցը։ Սրանից հետո ես հեռացա Ալեքսանդրապոլից։ Բեգնազարյանցն արդեն հեռացել էր ինձանից մի տարի առաջ։ Մենք հեռացանք, բայց դպրոցները բարեկարգ վիճակի մեջ և բարեխիղճ ուսուցիչների ձեռքում թողեցինք։
Ալեքսանդրապոլից ես գնացի Թիֆլիս նորից վերադառնալու հույսով, բայց թե իմ և թե ամուսնուս տկարությունը պահանջում էր Թիֆլիս մնալ։ Այս ժամանակ ահա Աբգար Հովհաննիսյանը հրավիրեց ինձ օգնելու իր «Փորձս»֊ին, որ դեռ նոր պիտի սկսեր։ Մոտ տարի ու կես մնացի ես «Փորձ»֊ի 478