Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբագրատանը, բայց ոչ մի բան չգրեցի ես «Փորձ»֊ի համար, բացի մի թարգմանությունից «օգնական-ուսուցիչ» վերնագրով։ Չգրեցի, որովհետև գրածս գրաքննիչը փորձաքննիչ մենտոր Եվանգուլյանցն էր, որի սիրած ուղղությամբ ես բան գրել կարող չէի, ինչպես դրա փորձն արի մի քանի գրածներ ցույց տալով, Կարծելով, որ սրբագրությունն ինձ շատ է զբաղեցնում, Աբգարը մի օգնական էլ տվեց ինձ, բայց այդ փորձն ևս անհաջող եղավ, ես դարձյալ ոչինչ չկարողացա գրել։ «Փորձ»֊ում ոչինչ չգրելով, պատահում էր սակայն, որ ինքս ինձ համար մի բան գրում և պահում էի։ Որքան սիրելի էր ինձ համար Աբգարը, որ ամենայն հոգվով աշխատում էր ինձ սիրաշահած պահել, ոչինչ չէր խնայում, ոչ փող և ոչ պատիվ, բայց այդ շրջանն ինձ համար ատելի և անտանելի էր, մանավանդ աշխատակիցներից մի քանիսը, որոնք տզրուկի պես ծծում էին Աբգարին և միևնույն ժամանակ շարունակ իմ տակը փորում։ Դրանք մի կողմից քծնում էին Աբգարին, մյուս կողմից Արծրունուն ու տանող բերողի պաշտոն էին կատարում։ Ես չէի կարող երկար մնալ այս անտանելի վիճակում։ Ինքս խնդրեցի Աբգարին, որ ինձ ազատ կացուցանե.— իմ խղճմտանքս տանջվում է, — ասացի, — փող եմ ստանում, բայց ոչինչ չեմ շինում. փոխանակ ինձ ութ հարյուր մանեթ տալու, մի ուրիշին կարող եք չորս հարյուր մանեթով պահել իմ տեղս։ Աբգարն ինքն զգաց, որ սոխակը վանդակի մեջ կարող չէ երգել, տեսավ փորձով, որ ես պատվերով բան չեմ կարող գրել, որ ես էլ իմ կապրիզներն ունեմ, որ ինձ հարկավոր է անպայման ազատություն և անկախություն և ազատեց ինձ իր «Փորձ»-ից։ Այս բանը պատահեց 1878 թվի սեպտեմբերին, եթե շեմ սխալվում։

Այդ տարին ես գնացի Երևան ուսուցչության, իսկ Բաֆֆին Ագուլիս՝ նույնպես ուսուցչության։ Երևանի թեմական դպրոցի տեսուչը Բեգնազարյանցն էր, Ռուբեն Զալալյանցն էլ հոգաբարձու էր։ Երկու մտերիմ բարեկամներս ինձ ընդունեցին իբրև գերությունից ազատվածի և սկսեցին սփոփել և մխիթարել։

Գեորգ կաթողիկոսն իմանալով իմ Երևան գալս, Մանկոլնոլ նամակով կանչեց մոտը և առաջարկեց, որ կրկին 479