թուրք ձիավորների, որոնք ճամփիր դուրս գալով հեռվից կանչեցին մեր կառապանին, թե ովքեր ենք մենք։
- Գնացեք ձեր ճանապարհը, - պատասխանեց կառապանը, - սրանք ձեր ուզած մարդկանցից չեն։
- Ի՞նչ են ասում, - հարցրեց Աբգարը։
- Ոչինչ, - ասացի, - պահապաններ են, մեր ապահովության հոգս են քաշում։
Կառապանը թռցրեց մեզ և երբ հասանք Բաշնորաշեն, - ասացի, «լավ պրծանք» ավազակների ձեռից, հիմա հավատում եմ քո աստղին։
Գիշերվա ժամի մեկին իջանք Քաջբերունու մոտ։ Արդարն անձամբ ծանոթ չէր բժշկին, նոր ծանոթացավ իր տաղանդավոր աշխատակցի հետ և մի թեթև ընթրիքից հետո իսկույն քնեց։ Մենք չքնեցինք մինչև լույս և չիմացանք էլ, թե ինչպես անցավ գիշերը, այնքան շատ էր մեր փոխադարձ հաղորդելիքը։ Որքա՜ն տարբերություն կա բնական և շինովի մարդկանց մեջ, որքա՜ն տարբերություն և նրանց վիճակի մեջ։ Քաջբերունու պես մարդիկ ծածկված են մնում աննշան թուրքական գյուղերում, իսկ շինովի անշնորհքները մեծ քաղաքներում իրանք իրանց ժողովրդի ղեկավարող են հանդիսացնում։ Փողն ու դիրքը ապօրինի կերպով հափշտակում է հանճարների պաշտոնը ու ժողովրդին ղրկում հարազատ ղեկավարներից։
- Ինչպե՞ս մարդ է քո Աբգարը, - հարցրեց Գաբրիելը։
- Ի՞նչ ասեմ, դեռ իսկական մարդ չէ, ուզում է մարդ դառնալ, մարդ բնական և ինքնուրույն, բայց ամեն տողի վրա տասն անգամ հորանջում է, բան չի դուրս գալիս գլխիցը։ Եվ որովհետև գրել ուզում է միայն փայլելու համար և ոչ թե իր զգացմունքների ծանրությունից թեթևանալու, որ չունի, այս պատճառով փայլուն ֆրազներ է հավաքում զանազան տեղերից, դիմում է նաև կողմնակի միջոցների. գրել
է տալիս ուրիշներին այնպես, որ կարծվի, թե ինքն է գրել ե տպագրում է անստորագիր։
- Այն ուսանողների նման, որոնց փոխանակ ուրիշներն են քննություն տալիս…
- Ուղիղ այդպես…
482