Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դինյանից ձեռքով ավանդված հերբարտական մանկավարժությունը։ Բարձր դասատունը, ուր բավական խոշոր տղայք կային, հատկացրինք այդ նոր վարդապետությանը։ Տղայքո պիտի և սովորեին և սովորեցնեին։ Շինել Էր և մի նոր այբբենարան, իր ասելով Օթտոյի մեթոդով, որով պիտի գրել կարդալ սովորեցնեին մանուկներին։ Ես իմ այբբենարանը հանեցի, որ աչքովս տեսնեմ Օթտոյի տված արդյունքը։ Ներկա էի լինում թե իր դասախոսությանը և թե աշակերտների և տեսնում էի, որ մարսված բան չէ ոչ մեկը և ոչ մյուսը։ Երբ ինքն էր դասախոսում, գիրքն առջևն էր դնում, մի քառորդ ժամ երեսին նայում լուռ ու մունջ, իսկ այդ ժամանակ աշակերտները հորանջում էին և սպասում, թե ինչ պետք է ասի, և երբ որ թարգմանում էր կարդացածը կամ ետ պատմում իր խոսքերով, աշակերտները գրում էին բառացի, և հետո բերան անում մի անմիտ բառաշարություն։ Իսկ գործնական դասերը երբ որ վերջանում էին, ցույց էին տալիս ավանդած դասի լավ ու վատ կողմերը և արձանագրում ։ Բայց սրանով մանուկների վերքը չէր սաղանում. նրանք ապուշ ապուշ նայում էին, չգիտեին, թե ի՞նչ են ուզում իրանցից, ի՞նչ են ուզում հասկացրած լինել։ Ես իմ տպավորությունը չէի թաքցնում Սեդրակից և առանձին ասում էի իրան, որ ձեռք վերցնե իր Օթտոյից, որ րանից բան չի դուրս գալ, բայց նա փոխանակ համոզվելու, ինքն էր աշխատում ինձ համոզել, որ ես չշտապեմ, որ տարվա վերջին արդյունքը հրաշալի կլինի։ Հասանք տարվա վերջին և արդյունքը եղավ ոչ թե զրո, ինչպես ես էի կարծում, այլ մինուս, երեխեքը սովորել էին սուտ կարդալ և սուտ գրել. օրինակ` գրում էին որևէ տառի պես մի բան ե կարդում որևէ բառ, գրում էին ամ և կարդում ճնճզուկ... Մանդինյանցն ինքն իր աչքով տեսնելով իր տված բացասական արդյունքը, որ նույնիսկ խալիֆաները չեն անում, էլի պնդում էր, թե այդ է միակ ուղիղ ճանապարհը։ — Ոչ,— ասացի,— այդ ճանապարհը ոչ դու. գիտես և ոչ քո Օթտոն։ Մյուս տարին ես կսկսեմ, և դու կտեսնես, թե: