Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մանդինյանցը կողմնակի դրդումներով միտք հղացավ իշխել ինձ վրա կամ դուրս մղել։ Մտքումը դրավ, որ ուսուցչական խումբն արձակե և նոր ընտրություն անե։ Այս առաջարկությունն արավ հոգաբարձությանը։ Հոգաբարձությունը պատասխանել էր, թե շատ լավ, այդ բանը կարող ենք աներ միայն մեկ պայմանով, նախ՝ Աղայանցին չպետք է մյուսների հետ ազատ համարեք, և երկրորդ ընտրությունը պետք է անեք միասին։ Սրա վրա Մանդինյանցը առերես համաձայնում է, բայց սիրտը դաղվում է, տեսնելով, որ իմ դիրքն ավելի ամուր է, քան թե իրանը։


Երբ վարժապետներին ազատություն էր տվել արդեն և շատերն էլ կարծում էին, թե իմ խորհրդով է եղել, հանկարծ նամակ ստացավ Արշակ Նահապետյանից, որ նրան Թիֆլիս էր հրավիրում։ Այս բանը չթաքցրեց ինձանից, բայց բովանդակությունը չասաց։ Ես ասացի. - Սեդրակ, Արշակը քեզ հրավիրում է, որ տանե էջմիածին, ուզում է օգտվել քո տիտղոսից, բայց լավ կանես, որ պայմանազանց չլինես ու չէրթաս, մանավանդ որ վարժապետներին էլ արձակել ես, իմ գործը շատ պիտի դժվարանա։


- Չէ՛, - ասաց, - այդպես բան չկա, դու միամիտ եղիր, ես կերթամ ու էլի կգամ շուտով։


Սեդրակս գնաց ու գնաց։ Այս այն ժամանակն էր, երր մեր մանկավարժները մի արգոնավորդական արշավանք սկսեցին դեպի էջմիածին ոսկեգեղմը ձեռք բերելու համար, և ձեռք բերին՝ որը հինգ և որը չորս հազար մանեթ տարեկան։ Եվ ի՞նչ շինեցին այդ առասպելական վարձստագության փոխարեն - ամենևին ոչինչ, այլ միայն շահախընդրության ձգտումն սփռեցին ամենայն տեղ և սև քող ձգեցին առաքելական կաչումն ունեցող իդեալիստ ուսուցիչների վրա, մի սև քող՝ բոլոր դպրոցների վրա, որոնց տարեկան ծախքի հաշիվը յոթ հազարից չէր անցնում, որով պիտի պահվեին 15 - 20 ուսուցիչներ։ Մայր դպրոցի և նրա ճյուղերի մեջ եղած նյութական հավասարակշռության կործանումն եղավ։ Մանդինյանը լավ իմանալով, որ ոչ ոք ինձ պես չի թափանցել նրա հոգու և մտքի մեջ, ոչ ոք ինձ պես չի ուսումնասիրել նրան, ինձ համարեց իր միակ վտանգավոր


494