Վեհապետյան Գևորգ եպիսկոպոսի մասին։ Այդ մարդը, որ ահագին ջանք էր գործ դրել, և Բաղդասար միտրապոլիտից հետո կորած կալվածները կրկին ձեռք բերել, վերջը դառն ապերախտության հանդիպելով՝ հեռացել էր և հեռանալիս ետ չէր մտիկ տվել, ասելով՝ «Ափսո՜ս են աչքերս»... Մեր բոլոր քաղաքների մեջ չկա ոչ մեկը, որ Շուշու չափ ապերախտ լինի, շնորհիվ նրա մրուրի և տականքսի, որ զուրկ լինելով փողից, զուրկ է և սրտից և խղճից։ Շատ անգամ ասում էին ինձ դրսից եկողները. «Դուրսը մենք շատ առատաձեռն ենք և լավ. վերադառնալիս կառապաններին ամեն մի իջևանում քսան և երեսուն կոպեկ ենք ընծայում, բայց հենց որ հասնում ենք Ասկյարան, մեր Ղալի ստորոտը, այդտեղ մեր ձեռքը չորանում է, էլ տասը կոպեկից ավելի չենք տալիս»։ Ուրեմն հենց որ իրանց քաղաքը երևում է, չորանում են, իսկ քաղաք մտնելուն պես՝ քարանում։ Այս եկողները զարմանում էին իմ տոկունության վրա և ասում էին. «Դեռ քեզ չափ ոչ ոք չի դիմացել մեր քաղաքում. Շանշյանցի պես մարդուն, որ այնքան երախտիք ցույց տվավ մեր ուսումնարանին, այնքան արտոնություն ձեռք բերեց, մենք նրա ուսուցիչներին ծեծեցինք, իրան էլ դուրս արինք, բայց դու, որ այդքան չարչարվում և դիմանում ես, երևի նրանից է, որ մեզանից ես, գիտես մեր բնությունը, մեր լեզուն, մեզ հետ վարվելու եղանակը»։ Այո՛, գիտեի, բայց դարձյալ հեռացա՝ առանց ետ մտիկ տալու Ղովտի նման, որ շուշեցոց պես չքարանամ...
XI
Ղարաբաղից վերադարձա Թիֆլիս այնպես ջարդված և հոգնած, որ մտածեցի իսպառ հեռանալ ուսուցչական ասպարեզից և քաշվել գյուղ։ Բայց բանն այնպես եկավ, որ ես փոխանակ մի մութ գյուղ ընկնելու, ընկա մի բանաստեղծական աշխարհ, մի երկնային դրախտ, ուր ինձ փայփայում էին անմեղ հրեշտակները և գլուխս զարդարում անթառամ ծաղիկներով։ Այդ երանելյաց աշխարհը տիկին Սոֆիա Բաբայանցի մանկան դրախտն էր։