Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տամ թե աշակերտներին և թե իրանց, և ես կատարում էի ամենայն ուրախությամբ։ Առանձին ուշադրություն էի դարձնում ծաղկոցների վրա, մանավանդ վրացախոս տեղերում, և գործս դնում էր շատ հաջող և գեղեցիկ։ Բայց հանկարծ մի տխուր վարագույր քաշվեց այդ բոլորի վրա և ես քաշվեցի իմ հայրենի գյուղը, որ այնտեղ ողբամ թե ընդհանուր և թե մասնավոր աղետներիս վրա։


Մեռավ Վիգենս, մի հատիկ արու զավակս, ծաղիկ հասակում. նրան հետևեց մայրը, թողնելով երեք մատղաշ զավակներս որբ և զուրկ մայրական խնամքից։ Այս հանկարծական հարվածներն ինձ ձգեցին մի տարօրինակ հոգեմաշության մեջ։ Ես դառա մի ոչինչ և ամենայն ինչ աչքումս ոչնչացավ։ Մի ամբողջ տարի ձեռքս գրիչ չբռնեց, մի հասարակ նամակ անգամ չկարողացա գրել։ Թուլանալով հոգեպես, թուլացա և ֆիզիկապես։ Տեսնելով, որ էլ ոչ մի բանի պետք չեմ, մտածեցի մի վանք քաշվել և այնտեղ մթնացնել իմ վերջին տխուր օրերը։ Այս մասին մի խնդիր տվի, բայց խնդիրս մերժեցին ինձ համարելով հակառակ կուսակցության մարդ։ Գրեցի և Սուքիաս սրբազանին, որ ինձ իր մոտ տանե, որ ես կռվելու, որևէ կուսակցության պատկանելու սիրտ չունեմ այլևս, բայց սա պատասխանելու անգամ արժան չհամարեց։ Գրեցի ուրիշներին էլ, բայց բոլորն էլ զուր անցավ. աստված չկամեցավ։


Շատ անգամ է պատահել, որ ես ուզեցել եմ մի անխորհուրդ և անմիտ բան բռնել, մի հիմարություն անել, բայց աստված ազատել է ինձ այղ փորձանքից։ Սիրող սրտի համար սիրազուրկ լինելը մի որոնելի կորուստ է։ Հառաջացած վշտահարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սիրո որոնումն։ Այդ ցավն առողջանալ կարող է միմիայն դարձյալ սիրով։ Եվ որքան անձնատուր էի լինում տխրության, այնքան սաստկանում էր վիշտս․ քնհատություն էր գալիս վրաս և սրտի թրթրռոց։ Պատահում էին և իստերիկական այլ երևույթներ, և ես երկյուղ էի կրում խելացնոր լինելուց։ Մտածեցի, որ լավ բան չէ արածս, զավակներս կարող են մնալ իսպառ անխնամ։ Մեկ լավ ձի առա և սկսեցի պտտվել ամեն կողմ, քեֆի


499