Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չառներ, մեկ լավ կքոթկեի, որով և պատասխանած կլինեի նրան։ Թիֆլիսումն էլ միևնույն լուրն էին տարածել, թե Խրիմյանը միայն մի պատրվակ է, դրանց նպատակը Արիստակեսին ընտրել տալն է։ Ճշմարիտ որ Արծրունու խոսելուց ուրիշ եզրակացություն հանել կարելի չէ, բայց իմ հայացքը Խրիմյանի վրա նույնն է, ինչ որ Ձերը։ Թեպետ ես այժմ հույսս կտրել եմ և չեմ հավատում, որ Դուք կամ Հայրիկը որևէ հաջողություն ունենաք, հավանական ընտրելիքն են—Երեմիա, Սուրենյանց— և երկոքին պատրիարքները։ Մեկ բանում միայն ես կարող եմ սխալվել.— ապագա կաթողիկոսի իրավունքները օրենքով սահմանափակելուց հետո, ընտրության գործում գուցե այլևս չխառնվեն, և հաստատեն ձայնից առավելությամբ ընտրածին, ենթադրելով, որ ով էլ լինի, կրճատած իրավունքների համար չի բողոքիլ։ Կերթամ կտեսնեմ, թե ծովի մյուս երեսին ինչպե՞ս են մտածում։ Իսկ Ձեզ կխնդրեմ շարունակել Ձեր աջակցությունը, որ մեր որբացած և հարստահարված ու կողոպտված աթոռը չընկնի սուրմակների ձեռքը։ Սուրենի հոր կատարած ծառայությանց մասին կկարդաք ուղարկածս գրքումը։

Ղ. Աղ.

14. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԵՊ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ

(Թիֆլիսից–էջմիածին)

1892 թ., մարտի 31, Թիֆլիս

Սրբազան հայր

Ձեր օրհնությամբ ես ողջ առողջ գնացի, տեսա, եկա: Բայց ինչե՜ր եմ տեսել… Ես հիմա «էլ են չըմ, վար տեսալ ըք»…

Եկա Եգիպտոս, մտա փարավոնների բուրգերը. գնացի Աթենք, զննության առա հին ու նոր Հունաստանի հրաշալիքները։ Այժմ անհատնում պաշար ունեմ գրելու։ Զարմանալի բախտավոր մարդ եմ ես. արդյոք ի՞նչ աստղի տակ եմ ծնվել։ Ամենայն տեղ մեծ

527