Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ


(Էջմիածնից-Թիֆլիս)


[1893 թ., նոյեմբերի կեսերին]


Սիրելի Օհաննես,


Ազնիվ բարեկամ


Նամակդ ստացա։ Շնորհակալ եմ քաշած նեղությանդ համար։ Տերտերիս գրել եմ, որ Տեր- Ղևոնդյանից 38 մանեթ առնի և թղթի փողը վճարի։ Խոսիր հետը, ես գրել եմ արդեն, թե ինչ պետք է անի։ Դու կարող ես ինձ և մի ուրիշ լավություն անել, եթե ողջ կմնամ, կվճարեմ փոխարենը. և ահա ինչ. երբ որ «Մուրճ»-ից արտատպելիս լինին «Եմ կյանքի գլխավոր դեպքերը» առանձին գրքի համար, գրաշարին ասա, որ առաջ քեզ ցույց տան, որ սրբագրությունը տեսնես ձեռագրի հետ համեմատելով։ Լա՛վ հասկացիր, «Մուրճ»-ում տպվելուց հետո արտատպելիս պետք է նորմեկանց սրբագրես գրքիս համար, որովհետև «Մուրճ»-ումը տպվում Է համարյա առանց սրբագրելու։ Արասխանյանին բան չասես, կնեղանա: Այնպիսի սխալներ կան, որ երևակայել ոչ ոք չի կարող, խոզը դառել է խաչ, Հովսեփը՝ Հովհաննես, Հովնանը՝ Ասլան, յոթը՝ նույն, և ուրիշ ինչե՜ր, ինչեր ասես որ չկա։ Այսուամենայնիվ իրան բան մի ասիլ։ Թող «Մուրճ»-ումն ինքը սրբագրե, դու միայն գրքիս համար որբագրիր։


Փիլիպին ասա շնորհավորում եմ ազատությունդ, ամեն չարից փորձանքից էլ այդպես աղատվիս։ Ասա՝ եթե ավելորդ փող ունիս, եկ մի երկու տարի էլ ինձ պահիր, ես կթարգմանեմ, կամ կշարադրեմ՝ դու կտպես։


Ուղարկիր բանաստեղծություններդ, ես կմատուցանեմ նորին վեհափառության։ Սիրում է կարդալ և շարունակ էլ կարդում է, երբ պաշտոնական թղթերով չի զբաղված։ Փոխադարձաբար նա էլ իր գրքերից կուղարկի քեզ ընծա։ Այժմ մամուլի տակ են նրա Մարգարիտը և Պապիկն ու թոռնիկը, սրբագրությունն էլ ինքն է տեսնում, իհարկե վերջինը։

Մեր կուսակցության կարոտը շատ եմ քաշում, այստեղ


533