աքսորականի պես եմ, տխուր է անցնում օրերս, շա՛տ տխուր, ուրախանալու ոչ մի առիթ չունեմ։ Արիստակեսը իր հրաժարականով մեծ վտանգից ազատեց մեր կուսակցությունը։ Դրանով Հայրիկը ոչ թե Արիստակեսի վրա զայրացավ, թեև այդպես ձևացրեց, այլ այն խմբի, որի ազդեցության տակ դռները բաց էր արել Մակարյան կուսակցության համար։ «Նոր–Դար»-ումն ինչ որ տպված էր, սուտ չէր, արդեն պիտի ի կատար ածվեր։ Բայց Արիստակեսի հրաժարականը և իմ միջամտությունը Հայրիկին ետ կանգնեցրեց այդ քայլից։ Այժմ Արիստակեսը բավական մոտիկ է Հայրիկին և ավելի ևս մոտենալու առիթներ կան։ Թող ուրեմն մեր կուսակցությունը հեռվից սխալ գաղափար չկազմե ոչ իմ և ոչ Արիստակեսի մասին։
Մշակին շատ համբերում է Հայրիկը։ Եթե այդ խմբագրությունից բարի խորհուրդներ տան, ոչ թերթերի մեջ, այլ նամակով, հավատացնում եմ, որ Հայրիկը ամենայն սիրով կընդունի: Գնա խմբագրություն և իմ կողմից ասա այս բանը՝ թող չհուսահատվեն, բայց գործեն, նամակներով ազդեն վրան, և եթե հնար ունենան, երբեմն նաև իրանց կողմից մարդ ուղարկեն։ Հայրիկը շատ և շատ բանի է անտեղյակ, կարոտ է բարի խորհուրդների։ Ինձ չի լսիլ այնպես, ինչպես մի խմբագրության, որ գուցե կուզենար և իրան օրգան ունենալ։
Լսեցի, որ Սուրենյանը պիտի գա այդտեղ իբրև ժամանակավոր կառավարիչ թեմի։ Իհարկե, առաջ ժամանակավոր կլինի, հետո կհաստատվի։ Դա հայտնի է իբրև նոր-դարական։ Բայց չպետք է խրտնել. Հայրիկն այսօրվան շինածը վաղը կքանդե, երբ հասկանա, որ իր արածը սխալ է։ Այսպես հասկացեք ամեն բան, միայն հարկավոր է մերոնց կողմից ներգործություն, որովհետև այդ ներգործութ- յունը կա և հակառակ կողմից, բայց մենք կհաղթենք, որովհետև ճշմարտությունը մեր կողմն է, իսկ եթե մենք անտարբեր մնանք, ամեն ինչ նրանց օգտին կվճռվի։
Ներփակյալ հոդվածը կտաս «Մշակ»֊ի խմբագրությանը: