բոլորովին կխուսափե հնամոլների մոլար շավղից, որով կապացուցանե յուր հարազատությունը և հավատարմությունը առ յուր ազգն և եկեղեցին։ Այսպիսի մոլորամիտ մարդոց թիվը հետզհետե պակասում է մեր ազգի միջեն, որ հայտնի նշան է ազգային առաջադիմության։ Մենք փոխանակ համակրություն ցույց տալու, այժմ ծիծաղում ենք այն մարդոց վերա, որոնք իբրև ազգասիրական հոգով վառված…: Մի՞թե մեր հաստաբազուկն Արամ և քաջն Տիգրան, որք աստվածապաշտ չէին, այդ տեղիք է տալիս մեզ նրանց չսիրել։ Կամ եթե իմանայինք, որ մեր լեզուն ադամախոս չէ, այլ հայկախոս, մենք չպիտի սիրենք այն լեզուն որ մեր հոգվո և մտքի հայտարարն է։ Եվ ո՞ր Եղիշեն, ո՞ր Խորենացին միտք զբաղեցուցին այդպիսի ցնորաբանությանց վերա։ Մեր նախորդք Հռոմ ազատեցին, այո, բայց մե՞նք, մենք եմ ասում, մե՞նք ինչ արինք։ Կամ եթե մեր նախահարք ժամանակների և տեղական դառն հանգամանքներեն հազիվ հազ կարողացան մեզ այս լուսավոր դարուս արժանացնել, էլ ի՞նչ ավելի բան ենք պահանջում մենք նրանցից։ Այդ պակասությունները, որ մենք այժմ գիտենք, թե նոքա ունեին, աշխատենք մենք այժմ չունենալ, և այն արժանավորությունք, որ այժմ գիտենք, թե նոքա ունեին, աշխատենք մենք ունենալ։ Անցյալի այն արժանավորությունը, որ կարող չէ ունենալ ապագան, նա սուտ է և շինծու։ Մարդկային այն արժանավոր հատկությունը, որ մի դարում կա, և մյուս դարում չկա, նա սուտ է, ոչ եղելություն. բայց կարող էր բարի լինել այդ շինծու բանը յուր Ժամանակին և ոչ բարի մյուս ժամանակին։ Կան շատ սուտ բաներ, որ բարի են, բայց ոչ ամեն ժամանակի համար նոքա բարի են։ Այլ վարմունք է պահանջում երեխան, և այլ՝ երիտասարդը։ Ազգն ևս ունի յուր զանազան հասակն ըստ մտավորականին, և նորա հետ միաժամանակ միակերպ վարվիլ անհնարին է:
1.Մի գերմանացի փիլիսոփա (Հեգել) ասում է. «Ինչ որ խելացի է, այն և ճշմարիտ է, ինչ որ ճշմարիտ է, այն և խելացի է»: Մեր Անհաղթն ասում է. «Ամէնայն որ ճշմարիտ է, նա և բարի է, բայց ոչ