Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լռությունս չարագուշակ չէ, գոնե ես գուշակելու ոչինչ չունեմ, ամեն բան կատարվում է առանց գուշակության։ Եկող կիրակի, ինչպես լսեցինք, Երևանում ձեռնադրվելու են 17 հոգի ընտրովի տգետ քահանայք, որոնց մասին դեռևս ոչ մի գուշակություն չի եղել։ Վեհափառի գալու մասին դեռ կարելի չէ ճիշտ գուշակել, թե երբ կլինի։ Արդյոք եկող տարի ինձ այստեղ կպահե՞ն, թե ոչ, այդ ես չեմ կարող գուշակել, բայց թե մեր գարեհաց տեսուչը արդեն կորեկ հաց է դառել և դեն ձգվել, այդ ևս կատարվեց առանց գուշակության։ Ասում են՝ Վահան վարդապետին է հանձնված առաջիկա տարվա խմբի կազմելը․ թեև ոչ մի այդպիսի բան կարող չէր գուշակել։ Իրավի, այնպիսի բաներ են տեղի ունենում, որ գուշակության օրենքներին չեն ենթարկվում։ Իմ հակառակորդներս շատ աշխատեցին, որ վեհափառն ինձ աչքից գցի, բայց իրանց չար նպատակին չհասան, կարող է պատահել, որ ես կրկին բռնեմ իմ առաջվա դիրքը, թեև ուղիղը գուշակել դժվար է։


«Մշակը» շատ լավ է տանում իր գործը։ Այստեղի համակրողներս ամենքս էլ շատ գոհ ենք և ավելի չեն պահանջում *) ։ Խավարի բանակը, որ քիչ էր մնում «փախչեր ի բարկութենեն, որ գալոցն է», կրկին սողաց իր խավար բույնը ուր և արժան էր իրան մնալ հավիտյան։ Տիրացվարանները մի կատարյալ ծաղր են, ու ես զարմանում եմ, որ Ներսիսյան դպրոցի մեր կողմնակից վարժապետները չեն բողոքում Սուրենյանցի այդ վարմունքի դեմ։ Երևի հացի խնդրից զսպվում են։ Արիստակեսի քեֆին քեֆ չի հասնիլ, պիգմեյների մեջ ընկած մի Հերքուլեսի է նման։ Նրա հակառակորդները իրանց չարության հետ ունեն և ծայրահեղ տխմարություն։ Մեր տեսուչ Սարգիսը մոտ օրերս մի այնպիսի տխմարություն արավ, որ ուզի-չուզի այլևս տեսուչ մնալ կարող չէ։ Խոսքս մի ուսանողի բոլոր դոկումենտների պատրռտելն է, որ արդեն հայտնի կլինի այդտեղ։ Կյուրեղն էլ


541