Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց այս տարի չի կարող շարունակել ուսումը։ Անահիտիս մասին խոսելը մնացած է անհայտ։ Չգիտեմ Պառավյանցի ասածները դատարկ քամիներ էին, թե լուրջ բան։ Կարծեմ պետք է քամի համարել։ Ես տկար եմ ըստ ամենայնի, հոգեպես, ֆիզիկապես և տնտեսապես: Երևի Բաքուն այս տարի այլևս չի շարունակելու իր օժանդակությունը։ Տիգրանին ասա թող Խորեն էֆենդուն հիշեցնե կաթողիկոսի տալիք հարյուր մանեթի մասին։ Եթե ստանա, թող քեղ հանձնի, իսկ դու էլ մեր Սանդրոյին, նա կուղարկե մարդու ձեռքով, կամ գցիր փոշտ, իմ հասցեն գիտես։ Ինձ համար այդ կլինի ահագին օժանդակություն։ Այս տարի մեր գյուղը շատ թշվառ է, հաց չկա, շատ թանկ է, գինին համ քիչ է, համ շատ էժան — վեդրոն վեց աբասի։ Մի քիչ գինի ունիմ, մեղքս գալիս է այսպես ձրի դեն ձգելու, ավելի լավ է ես կխմեմ, և կուտեմ, հացը մեջին թաթախելով… Ես ոչ մի բանի չեմ, ոչինչ չեմ շինում, որովհետև տկար եմ, թեև ոտքի վրա։ Լսում եմ, որ մեզանից մի քանիսին մի քանի տարով աքսորելու են, և արդեն մի քանիսին պաշտոնապես իմաց են տվել։ Եթե այս մասին տեղոքը մի բան գիտես, գրիր ինձ։ Տերտերին և ձերայնոց ամենին` մեծին և փոքրին շատ սիրով բարև:

Քո Ղ. Աղլայանց

29. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(Բոլնիս — խաչենից) — (Թիֆլիս

)

1898 թ., մարտի 1, Բոլնիո-Խաչեն

Սիրելի Օհաննես,

Բաց նամակդ ստացա, բայց նրանում հիշված վաղուց գրած երկար նամակդ չեմ ստացել: Շնորհավորում եմ տիկնոջ ազատությունը նոր երկունքից: Խորհուրդ եմ տալիս բավականանալ եղածներով. Այդ կլինի հակառակ բնության, բայց ոչ բանականության։