Մարդը պետք է կռվե բնության դեմ իր բանականությամբը, իհարկե բնության այն հանգամանքների հետ, որոնք վնասակար են։ Արդ, բազմաթիվ զավակներ ծնելը ամեն կողմով վնաս է և այնպիսի մի ցավ է, որից պետք է բժշկվել։
Շնորհակալ եմ հաղորդած ուրախ լուրիդ համար։ Այստեղ մեր պրիստավի ձեռքով երկու անգամ հաջորդաբար հայտնեցին պաշտոնական թղթերով, որ ես ըստ Բարձրագույն հրամանի ենթարկվում եմ պոլիցիայի հսկողության արտաքո Անդրկովկաս երկու տարով՝ սկսյալ <18> 97 դեկտեմբերից մինչև <18> 99 դեկտեմբեր և թե՛ վերջնական կարգադրությունը կգա ներքին գործերի մինիստրից։ Ցայսօր չեկավ այդ վերջնական կարգադրությունը։ Զարմանալի է, որ երկու անգամ վճիռ է կայացել, բայց դեռ ոչ մեկը վերջնական չէ։
Ոչ մի լրագիր չեմ ստանում, «Մշակ» ուղարկում են, բայց մեր փոստն անկանոն լինելով՝ փետրվարին ստանում եմ անցյալ դեկտեմբերի համարները։ Շատ վաղուց է, որ
«Աղբյուր-Տարազ»-ի երես չեմ տեսել։ Երևի Տիգրանն այլևս չի ուզում ձրի ուղարկել, և եթե ասե՝ մենք ուղարկում ենք, - չհավատաս։ Շիրվանին ասա՝ գուցե կարողանա «Նովոյե օբոզրենիե» ուղարկել, զատկին կգամ փողը կվճարեմ։
Փո՜ղ, փո՜ղ, փո՜ղ չկա։ Այս մարտն ինչպես լինի դուրս կտանեմ, իսկ ապրիլին իմ ապրելը պիտի դժվարանա։ Ուրեմն վանեցին չուզեց իր պարտքը հիշել և վճարել հարյուր մանեթը, Բաքուն էլ երևի ընդհատեց մեր թոշակը։ Ի՞նչ պիտի լինի մեր ճարը՝ չգիտեմ։ Ես ուրախ էի, որ պիտի աքսորեն, այնտեղ գուցե մի պարապմունք կգտնեի և այլևս նեղություն չէի քաշիլ, իսկ այստեղ ի՞նչ կարող եմ անել։ Պիտի քիչ քիչ ծախեմ ինչ որ ունեմ, բայց հետո՞։ Ե՞հ, աստված ողորմած է։ Այս մասին շատ էլ դարդ չեմ անում։
Մեր Ս. Պառավյանցը Շուլավերից գրել է, որ դու դուրս ես եկել տերտերից, առանձին տուն ես վարձել, բայց հանկարծ հայրդ մերձիմահ հիվանդացել է, դու գնացել ես Դսեղ, իսկ տիկինը նորից գնացել է մորը մոտ։ Ուրեմն քո դրությունն էլ երևի բավական խառնաշփոթ է։ Հայրդ հիմա
549