Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

32. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ


(Նոր-Նախիջևանից-Թիֆլիս)


1898 թ., մայիսի վերջին, Նոր-Նախիջևան


Սիրելիդ իմ, Ասլան բալա,


Ասլանի չանգերով գրածդ նամակը ստացա։ Նախիջևանը լավ քաղաք է, սիրունիկ ու կոկիկ. ուղիղ և լայն փողոցներ, ձիաքարշ երկաթուղի, էլեկտրական լուսավորություն, սիրուն ճեմելիքներ, ջրանցք, արհեստական անտառներ քաղաքից դուրս։ Քաղաքը սեփական կալված ունի, ասում են մինչև երեսուն հազար դեսյատին հող ունի։ Զարմանալի չէ, ուրեմն, որ ունի և քաղաքային հոյակապ շինարարություններ, ինչպես թատրոնը, որ դրսից ավարտված է արդեն և ներսից էլ կավարտվի մինչև առաջիկա աշունը։


Ներքին կյանքի հետ դեռ չեմ ծանոթացել, որովհետև ո՛չ ես եմ գնում մարդու մոտ և ո՛չ իրանք են մոտենում։ Այս կողմանե դեռևս կղզիացած եմ։ Բերբերյան երկոքյան եղբայրներն ևս այցելեցին մեզ, այսինքն ինձ, Սանդրոյին և Ատրպետին։ Մենք այս երեք ընտանիքով մի-մի բնակարան ունենք վարձած ջոկ-ջոկ սենյակներով և մեկ խոհանոցով։ Տներն այստեղ թանկ չեն, կիսով չափ էժան է, քան Թիֆլիսումը, իսկ լոքոն տասնապատիկ էժան, որովհետև կենդանի լոքոն ֆունտը երեք կոպեկ արժե։ Հացը, միսը նույն գինն ունեն, ինչ որ Թիֆլիս, իսկ յուղը,կաթը,մածունը ավելի էժան է։ Ծառաները նույնպես էժան են, հինգ վեց մանեթով կարելի է այնպիսի աղախին վարձել, որ և՛ կերակուր եփի, և՛ լվացք անե, և՛ տուն ու տեղը սրբե, մաքրե, ինքն էլ լինի տասնապատիկ ժիր և պարկեշտ, քան Թիֆլիսի անպիտաններն են։ Միով բանիվ այստեղ Թիֆլիսի պես ապրելու համար կիսով չափ էժան կնստի։


Քո նամակդ ստանալուդ հետո պ. Բերբերյանին չեմ տեսել։ Առաջուց խոսել եմ հետը, և առաջարկել, որ մի դրական գործ սկսենք։ Խոստացավ, որ այդ մասին մի նիստ ունենանք և խորհենք։ Եվ այս բանի պոչիցը պինդ եմ բռնել և բաց


554