չեմ թողնում, որովհետև սա ինձ համար բացի ազգային լինելուց նաև կաշվի խնդիր է։ Ես եկա թե չէ, արդեն մի թարգմանություն սկսեցի։ Խանզադյանն սկսել էր, տվավ ինձ, որ վերջացնեմ և իր թարգմանածն էլ սրբագրեմ։ Սա է Բելլամիի «Ապագա դարը»։
Սրա հեղինակը այս քանի օրս մեռավ։ Այս թարգմանությունը չենք ուղարկիլ Հրատարակչական ընկերությանը, այլ այստեղ կտպագրենք։ Այս ամառ ոչինչ անել կարելի չէ, քանի որ ո՛րն արդեն քաշվել և ո՛րն էլ քաշվում է դեպի ամառանոց։ Աշունքը գա, տեսնենք ինչ կարելի է անել։ Այստեղ մեզանից մի դյուժինի չափ կան, բոլորն էլ խեղճ վիճակի մեջ են, բացի մի երկուսից, որոնք կարողացել են մասնավոր պաշտոն գտնել և իրանց գլուխը պահելու չափ ապրուստ ունեն։
Այստեղ ձմեռն անտանելի պետք է լինի, շատ վատ են նկարագրում։ Եթե հնար գտնեմ, կտեղափոխվեմ Խրիմու երկիրը, ուր ձմեռը շատ մեղմ է լինում։
Այս քանի օրս այնտեղ էր Արսեն վարդապետը։ Քո մասին շատ խոսեցինք։ Մենք կարծում էինք, որ սա ապահովված է, ընդհակառակը շատ նվազ օգնություն է ստանում մի երկու տեղից, իսկ էջմիածինը ոչինչ չի տալիս։ Այսուամենայնիվ քո մասին շատ էր մտածում, թե ինչ միջոց գտներ օգնելու… Ասաց, որ ամառանոցում մեկի հետ կտեսնվի, որից հույս ունի մի թոշակի նման բան նշանակել տալ։ Խոսքը տիկին Բարբարե Քանանյանի մասին էր, Մոսկվայի հանգուցյալ Քանանյանի կնոջ, որ ահագին հարստություն ունի և այս ամառ լինելու է Կիսլովոդսկ, ուր գնալու է և Ղլտչյանը։ Ինչ ասել կուզի, որ ես շատ խրախուսեցի, որ չամաչի և աշխատի այդպես մի բան անել։ Ինչ որ իսա՛ դեռ ուրախ կաց, դեռ հուսաբեկվելու ժամանակ չէ, թող աշունը գա, գուցե մեզ համար գարուն բերի։ Ես էլ մի կերպ յոլա կգնամ մինչև այդ ժամանակ, գուցե դասեր գտնեմ այս ամառ։ Ուրեմն ցտեսություն, թուղթս հատավ…
555