բանն ինձ ասաց Մինասը։ Ես շատ ուրախացա, որ իշխանուհին հանդիպել է նրան՝ Սմբատին։ Ես ինքս դեռ նամակ չեմ գրել Շահազիզին, սպասում եմ «Ժամանակակից Ատենախոսությանս», որ մի հատ ուղարկեմ իրան և հետն էլ մի նամակ։ Այստեղ նրա եղբորորդու՝ Երվանդ Շահազիզի հետ շատ մոտիկ եմ, սա է այստեղ իմ միակ սիրելիս ու մխիթարիչս։ Սրանից կարող եմ իմանալ Սմբատի հասցեն և գրել քեզ, երբ որ այս նամակի պատասխանը կստանամ։ Այսպես պիտի անեմ, որ պատասխանը շուտ գրես, բայց եթե նամակդ կարդալու չափ պարզ չլինիս գրած և ես տանջվեմ կարդալիս, դարձյալ չեմ պատասխանիլ։ Ես մի նամակ ստացա մեր բանաստեղծ Ա. Ծատուրյանից։ Այնպես սիրուն է գրում, որ կույր մարդն էլ կկարդա, իսկ դու քեզ համար ես գրում կարծես, բայց դժվար թե ինքդ էլ կարողանաս կարդալ, որովհետև գլխահանուկ ես անում։ Ես Ծատուրյանին մի երկար նամակ եմ գրել վաղուց է, բայց պատասխան չունեմ։ Ինչ ասել կուզի, որ քո մասին էլ եմ գրել։
Գրում ես, որ եթե ապահովվես, պիտի երթաս Ղարաբաղ։ Ես շատ ու շատ հակառակ եմ քո այդ մտադրությանդ։ Ընդհակառակն՝ ապահովություն որ ստանաս, իսկույն վազիր Եվրոպա։ Որքան ուրախացա, որ Ա. Ահարոնյանին հնարավորություն են տվել Եվրոպա գնալու։ Կարող ես ուղղակի նրա մոտ գնալ, նրան ընկերանալ։ Այնքան պատվական մի
երիտասարդ է, որ հատը չեղած։ Նա էլ է քեզ պես ամուսնացած, նա էլ է կնկա ու երեխոց տեր ջահել օրով։ Դուք երկուքդ այնպես կձուլվեք իրար հետ, ինչպես երկվորյակներ։ Երկիր ուսումնասիրելը հեշտ բան չէ, եթե քեզ հեշտ է թվում, այդ նրանից է, որ դժվարությունը հայտնի չէ քեզ։ Փախիր, փախիր դեպի Եվրոպա։ Ղարաբաղը չի փախչում, նա դեռ մի քանի դար կմնա քարացած և ինչ որ այժմ ունի, մի քանի տարուց հետո էլ նա ցույց կտա քեզ նույնը։ Իսկ նորանոր տպավորություններով ամբարվելու համար թարմ հասակ է հարկավոր, որ այժմ ունիս և պետք է շտապես։ Չասես, թե լեզու չգիտես, գլխավորը լեզուն չէ, այլ աչքերը, ենթադրիր, որ՝ համր ես, իսկ լեզվի համար միայն վեց ամիս է հարկավոր։
558