որոնց մեջ պարզապես երևում են շրջակա հանգամանքների պատկերները։ Ասածիցս փոքր-ինչ ուշ, այսինքն երեք չորս տարեկան ժամանակը, այլևս բավականություն չեն տալիս նորան յուր անշունչ խաղալիքները, նա պատասխան է պահանջում, որ կարող է գտնել կենդանի առարկաներու մեջ։ Նա այդ ժամանակ գտնում է իրեն հասակակից ընկերներ, որոնք զանազան ընտանիքից լինելով՝ զանազան բնավորություն ևս ստացած են լինում. սոքա սկսում են իրարմե ուսանել իրարու չգիտեցածը։ Հարկավ հզորը տկարին է հաղթում և ոչ տկարը հզորին, եթե մեկի առաքինությունը առավել է, հաղթում է մյուսի մոլությանը, որ քիչ է, իսկ եթե մոլությունն է շատ առաքինությունից, սա է հաղթում։ Եվ ի՞նչ անե այսպիսի դիպվածում բարեկիրթ ծնողը, եթե նորա զավակը հասարակության մեջ ընկնելով պիտի սեփականե իրեն այնպիսի բաներ, որից նա ամենայն զգուշությամբ ազատ էր պահել։ Նա միայն կարող էր ծեծել, որ մյուս անգամ այդպիսի բաներ չանե, թե գողություն է այդ և թե մոլություն, բայց նորա խորամանկ ընկերը, որ արդեն քաջավարժ է այդ բաներում, սորվեցնում է նորան մյուս անգամ չասել տանը, ինչ որ լինում է դուրսը և այդպես կազատվի պատժից։ Բայց ո՞ւր է ըստ արժանվույն հասկացող մայր, որ փոխանակ նյութական զենքի, բարոյական զենք գործ դնե։ Ո՞վ է լսել, որ մեր ընտանյաց մեջ այսպիսի մի բան լինի։ Մեր մեջ երեխայք ստրուկ են։ Եթե մինը մի խելոք բան է ասում, բարկանում են վերան, և մինչև անգամ ծեծում, թե էդ քո դիանալու բանը չէ, դու հիմար ես: Եվ եթե հիմարություն է անում, դարձյալ ծեծում են, թե ինչո՞ւ չհասկացավ, որ այդ հիմարություն է։ Երեխան շվարում է և առաջին մի քանի փորձը նորան բերում են այն համոզման, որ ուրեմն ինքը ոչինչ է, և սկսում է ոչնչանալ իսկապես, կորցնելով յուր հետաքրքրությունը և ինքնակայությունը…
Մի կարի մեծ հատոր կբաղկանար, եթե այդպես սկսեինք շարունակել, թե ինչ են լինում երեխայոց աշխարհի մեջ, մեր ժողովրդական կյանքի նկատմամբ, բացատրելով բոլոր հետևանքների պատճառները ըստ մեր կարողության,