Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց առայժմ բավական է այն, որ մատնացույց լինենք այն ճանապարհին վերա, որով պետք էր մտնել այդ աշխարհը, և այնուհետև ամեն փոքր ի շատե խելահաս ծնող և դաստիարակ կարող էր յուր աչքովը նկատել այն ինչ որ տեսնում է և չի տեսնում, և ինչ որ մենք պիտի ասեինք։ Բայց չենք կարող ուշ չդարձնել և մի հանգամանքի վերա, որ երեխայոց բնավորության վերա մեծ ազդեցություն ունի։ Խոսքս մարմնական արատությանց վերա է։ Երեխան, ինչպես արդեն ասել ենք, սիրում է յուր անձը առավել, քան թե ուրիշին։ Նա սիրում է նորան, ով որ սիրում է իրան. և առավել ևս ատում նորան, ով որ շատ ու քիչ ատում էր իրան, այն շատ անգամ ըստ երևույթին միայն, ինչպես է ծնողաց ատելությունը, որ ձևի և բարի նպատակի հասնելու համար է իրանց կարծիքով, բայց ոչ երեխայի, որ դեռ այդքան հասկացողություն չունի։ Վա՜յ այն մարդուն, որ չէ սիրում ոչ ոքի և չէ սիրվում ոչ ոքից։ Նա այդ ժամանակ ատում է մարդկությունը և պատրաստ է ամենայն չարիք հասցնելու նորան։


Հնում արատավոր մարդոց վերա շատ վատ հասկացողություն ունեին, ըստ որում նրանց կարծիքով մարդու բնավորությունը կարելի է հասկանալ նորա արտաքին կերպարանքից, որ և «բնազննություն» անվանելով մեծամեծ հատորներ՝ էին շինում․ թե եթե մեկ մարդու գլուխը մեծ է, այդպիսին կլինի քնափ, թանձրամիտ, դժվարակիրթ, իսկ փոքր գլուխ ունեցողը կլինի խստասիրտ, զայրացկոտ, կասկածոտ, իսկ եթե չափավոր՝ կնշանակե խոհեմություն։ Բայց որ ասես մեր կիրակոսի գլուխը չափավոր է, բայց ինչի խոհեմ չէ։ Կպատասխանե, որովհետև կրթություն չէ ստացել։ Եվ եթե ասես փիլիպպոսի գլուխը փոքր է, ինչո՞ւ թե խելոք է և թե ազնվամիտ է. - էնդուր համար, որ կրթոոթյուն է ստացել։ Այս կարծիքն ունենալով և հին վիպասանները, իրանց գործող անձանցը տալիս էին այնպիսի