ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ
Ա.
Սիրելի Ավետիք.
Դու, եղբայր սիրելի, բոլորովին իզուր ես ինձ նախատում, որ իբր թե ես բոլորովին անուշադիր եմ մեր ազգի լուսավորության վիճակին... Դու ուզում ես իմանալ, թե մեր ժողովրդի մեջ մտավոր շարժողություն կա՞ արդյոք, և, եթե կա, դեպի ո՞ւր է տանում նորան այդ շարժողությունը, դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը․․․
Մեր մեջ, եղբայր սիրելի, ամենայն բան կա։ Ոչ միայն շարժողություն, այլև շառամազություն, շոգմոգություն, և ուրիշ ինչ որ սիրտդ կուզի–լա՛վ գինի, լա՛վ խորոված, լա՛վ կանանչի, լա՛վ դոլմա, – դուն իս՝ իմ պարուն, լավ քուփթա, բոզբաշ, լավ ղաբլու փլավ, լա՛վ… լա՛վ…
Բարոյական շարժողությու՜ն… Դու, պարոն, էնպես հարց ես առաջարկում ինձ, որ կարծես թե չգիտես դեռևս, որ մենք կենդանի ենք։ Բա էն քսանուհինգ ստաքանը, որ միանգամից շարում ենք թեփշու վերա, էդ ինչի՞ համար է, եթե ուշ բոլորն ի միասին կոնծելու, մեր կյանքին արագ և երկար շարժողություն մաղթելով, Եվ էլի ո՞ւմ կենացն ասես, որ չենք կոնծում–Գիգոլի, Շաշոյի, Վանոյի, Միխակի, Դարչոյի և մինչև անգամ էն վարդի փշի, որ իրա բյուլբյուլին չի ծակում. և էն մարգի կենացը, որ ինքն ըստի չի, ամա միտքն ըստի ա: Քանի-քանի անգամ քու կենացը խմել ենք, որ աստված քեզ երկար կյանք տա, մեր տեսությանը արժանացնի, լավ շնորհք, լավ խելք տա, որ գաս մեր չարն ու բարին մեզ հասկացնես: Բայց դու, ինչպես երևում է քու նամակից, չես համբերում, որ ինքդ գաս, քու աչքովը տեսնես, ասում ես է՛ս գրի։ էն գրի։