Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազատ է նկատողությունքը մյուսի թերությանդ վերա անել սոսկ փաստեր հառաջ բերելով, առանց պատվո դիպչող բառեր գործ դնելու։


3. Վարժապետաց հարաբերությունը աշակերտների հետ պիտի լինի եղբայրական սիրով, այդ սերը զգալի պիտի լինի աշակերտներին։ Վարժապետը դասատուն մտնելիս և դասախոսության ժամանակ հոգու և դեմքի զվարճություն պիտի երևցնե, երբեք չպետք է կնճռած և տխուր դեմքով նայե, չպետք է արհամարհական և ստորացնող նայվածք ձգե աշակերտների վերա։


4. Վարժապետը պիտի նկատե միշտ, թե որոնք են աշակերտներից յուր հետ բավականաչափ ընտանեցած և որոնք են, որ զիրենք խորթ աշակերտ են համարում, և աշխատելու է, որ այդպիսիներին էլ ընտանեցնե։ Ինչպես ճարտար հյուրընկալը գիտե յուր բոլոր հյուրերի սիրտը միապես շահել, առանց մեկին− մյուսին անուշադիր թողնելու, նույնպես պետք է լինի և վարժապետը յուր աշակերտաց վերաբերությամբ, ամենքին հավասար բաժին հանելով յուր քաղցր ակնարկից և ոգևորող հորդորներից և ոչ թե մի քանիսի վերա չռե յուր ակնարկը և մյուսների դեմքի վերա երբեք չկենտրոնացնե յուր ուշադրությունը։


5. Վարժապետը դասախոսելու ժամանակ պետք է ձայնի մեղմություն պահպանե, չպետք է յուր դասախոսությունը ընդհատե «սու՛ս» «հանդարտ կացե՛ք» և նմանապիսի բառերով, կամ քանոնով չխկչխկացնե սեղանը, կշարունակե յուր դասախոսությունր և միևնույն ժամանակ յուր ակնարկությունը կկենտրոնացնե այն աշակերտի վերա, որի ուշադրությունը ուրիշ բանի վերա է ընկել։ Վնաս չունի, եթե նույն աշակերտը չնկատե էլ այդ, պատճառ՝ բավական է, որ մյուսները նկատեն։ Դասախոսելու ժամանակ չպետք է ծիծաղաշարժ ձևեր անե ձեռք ու ոտքով, ձայնով կամ աչք ու ունքով, եթե իսկապես մտադիր էլ լինի ծիծաղացնել նոցա։ Վարժապետը դասատան մեջ ոչ մի հանդիմանական խոսք չպետք է ասե որևիցե աշակերտի, միայն ուշի ուշով կնկատե, թե ով ինչպես է վարում ինքզինքը և յուր նկատողությունքը կհայտնե մանկավարժական ժողովին։ Վարժապետները երբեմնապես աշակերտաց հետ կսկսեն ման գալ, խոսել հասարակ բաների վերա։