Ես քանի՞ մեկը գրեմ, ինչ որ գրեմ, դու պիտի ասես— էդ էդպես չէ. դու սխալվել ես այդ իզմություն է. դու միանգամայն իստ ես դառել, և այլն և այլն։
Եղբայր սիրելի, թե որ ուզում ես ուղիղն իմանալ, ես քեզ ճշմարիտն ասեմ, հանաքը մի կողմ դրած, ծիծաղն էլ հետը, մեր բանը այնպես է, որ մենք մեր պարտքը դեպի մեր լեզուն բարձիթողի ենք արել։ Բայց մենք, մի քանի ջահել ջհուլներս գիտությամբ գինու և քեփի ենք տալիս մեզ, որ մեր թերությունը չնկատենք։ Ահա կնկարագրեմ ձեզ մի աստվածուհի, որ չունի ոչ կնճռնած դեմք, ոչ պլպլացրած աչքեր, որ մեր վերա սարսափ բերե և հասկացնե մեզ, թե ո՞վ է ինքը։ Դա է մեր ժողովրդի արդյան լուսավորության ոգին, աստվածուհին, որի դեմքը այնքա՜ն քաղցր է, այնքան գեղեցիկ, որ Մուհամմեդի հուրի փերիները անգամ կնախանձեն դորա չքնաղատիպ կերպարանքին։ Դորա միակ վարմունքը, շարժվածքը զմայլեցնում է մարդու. իսկ դորա ձա՜յնը, խոսվա՜ծքը… Տե՛ր իմ աստված, ի՞նչ լեզվով ասես, որ չէ խոսում, ի՞նչ եղանակով ասես, որ չէ երգում։ Այսպիսի մի հրաշազեղ և հրաշազան աստվածուհի ու՞մ ասես, որ չի գրավիլ… «Այն ի՜նչ քաղցր ժպիտ է, որ դա հաղորդում է հայ պատանիներին, որոնց սիրովը առասպելական հուշկապարիկի նման, ինքը տոչորվելով, խունջիկ֊մունջիկ գալով աշխատում է գրավել նոցա սիրտը։ Եվ ի՞նչ ասես, որ չէ խոստանում,— սեր, անվե՛րջ հարստություն, երջանկություն, անմահություն. միով բանիվ ամենայն բան ինչ որ Դեմոնի մտքովը չէ անց կացել յուր Թամարին խոստանալ, սա խոստանում է։ «Սիրի՛ր միայն, սիրի՛ր ինձ, քու հոգու՛ն մեռնեմ»։
Այժմ մեր մեջ, սիրելի Ավետիք, կրթության սերը բավականաչափ տարածված է։ Ամեն ծնող էլ զգում է, որ յուր որդուն հարկավոր է ուղարկել ուսումնարան։ Հայրը կամ մայրը չէ հասկանում ուսման բուն նպատակը, նա միայն տեսնելով, որ ով