Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե մենք մանկավարժական գրքեր կարդացած լինեինք, անշուշտ կընդունեինք պատիժը, որ սորա ասելով շատ կարևոր է. և որպես ապացուցություն յուր խոսքի, մեջ է բերում մի հոդված թարգմանած հեղինակությունից ուրումն Գուրտմանի գերմանացու, որին նա «Երևելի մանկավարժ» տիտղոսով բարձրացնում է ընթերցողների աչքում։ Այդ Գուրտմանի հոդվածը ավելի ապացուցանում է մեր ասածը, քան թե հերքում, որից երևում է, որ «Հայկական Աշխարհ»֊ի հոդվածագիրը մեր գրած պարզ հայերենը չհասկանալով, գերմաներենն ավելի չի հասկացել։ Գուրտմանի և իմ ասածի մեջ այս տարբերությունը կա միայն, որ նա ասում է պատիժ հարկավոր է, բայց դժվարանում է ցույց տալ, թե ինչպիսի պատիժներ են հարկավոր։ «Թե մարմնական պատիժների ո՞ր տեսակը պիտի ընդունել, ասում է Գուրտմանը, իբրև դաստիարակության միջոց, դեռ դորան չունինք մեկ ընդհանուր պատասխան», իսկ ես ասում եմ. հարկավոր չէ պատիժ, և ցույց եմ տալիս, թե ո՞ր պատիժները չեն հարկավոր և ինչո՞ւ չեն հարկավոր։ Ես ասում եմ Մարգար Խալիֆային չեմ կարող պատժելու իրավունք տալ, ըստ որում նա թեև տարաբախտաբար վարժապետի պաշտոն ունի, բայց ավելի շատ թերություններ ունի, քան նորանից պատժվող աշակերտը։ Ես ասում եմ, որ Մարգարը աշակերտներին ավելի դեպի մոլություն է մղում. եթե ուզում ենք, որ այդ չլինի, նախ և առաջ Մարգարին պետք է վերացնել մեջտեղից, և չեմ կարծում, որ մի որևիցե Գուրտման, եթե նա, իրավի, մանկավարժ է և այն էլ երևելի, չհամաձայնի մեզ հետ, իսկ, եթե «Հայկական Աշխարհ»֊ն ու իրան հոդվածագիրը համաձայն չեն մեզ հետ, թող իրանք պատմեն, եթե կամենում են. գուցե անտեր երեխայք շատ ունին իրանց ձեռքի տակ։

1875