միջոց են, որոնք փոխադարձաբար միմյանց օգնելով՝ ավելացնում են երեխայի ինքնագործունեության ուժը։ Դասավանդության ձևերից այն է հարմարագույնը, որ այս հանգամանքը աչքից չի փախցնում, որ միջոցը նպատակի տեղ չընդունելով, անսնունդ կերակուր չի տալիս երեխային։
Բ
Մանուկները ուսումնարան մտած օրը գիտեն արդեն խոսել, համարել, երգել, խաղալ, խազխզել, լսել են խրատներ, հեքիաթներ և այլն, բայց ինչպե՞ս, ի՞նչ չափով,— լավ չեն երգում, լավ չեն խոսում, լավ չեն խաղում, լավ չեն նշմարում մի բան, լավ չեն պատմում, ինչ որ լսել են, լավ չեն նկարագրում, ինչ որ տեսել են, խազխզում են ծուռ ու մուռ, եթե մի բան ես ասում շատ խոսքերով, չեն կարողանում ի մի ամփոփել, շատ բառեր սխալ են արտասանում, եթե մի բառ ես ասում, որ նոքա առաջին անգամ են լսում, չեն կարողանում իսկույն կրկնել։ Կարճ ասել, նոցա արտաքին զգայարանաց և հոգվո մեջ ըստ զարգացման միահավասարություն կա, բայց թե մինը և թե մյուսը մատաղ դրության մեջ են գտնվում։ Այս թերությանց վրա ավելացրու և այն, թե նոքա այժմ ուսումնարան են եկել, ով գիտե ինչպիսի տրամադրությամբ, ինչպիսի նախապաշարմունքներով ահով, ինչ ամոթով, գուցե վարժապետին տեսնելուն պես, նոքա իրենց գիտեցած կիսատ պռատ խոսելն ևս մոռացան։ Վերջապես մարդկանց մեջ այս հիշած հատկությանց կողմանե միահավասարություն չկա։ Դոցանից ամեն մեկը յուր ընտանյաց, յուր շրջապատ հանգամանքների ծնունդն է։ Նոցանից ամեն մեկը այնքան և այնպիսի նյութ է հավաքել արտաքուստ, որքան և որպիսի նյութ որ տվել են նորան այդ հանգամանքները։ Կան երեխայք, որոնք այդ հասակի մեջ դժվարությամբ են խոսում, կան ևս, որոնք ոչ միայն բավական ճարտարախոս են, այլ մինչև անգամ ճնճղուկի լեզվով էլ են խոսում միմյանց հետ, այն էլ այնքան արագ, որ լսողի հավատալը չի գալիս,