Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր ուսումնարանից է դուրս եկել, լավ ապրում է, ու լավ պատիվ ու գործ գտնում էլ է, ուստի ինքն էլ յուր կարողության չափ աշխատում է, որ իր «Վանուշկեն կամ Գրիշկեն, Կիրակուսի տղից հիտ չմնա»։ Իսկ այն անձինքը, որոնք կրթության արհեստի հետ մոտիկ ծանոթ են, արդարացնում են ծնողների կարծիքը, բացատրելով կրթության նպատակը հետագա խոսքերով. «Կրթությունը՝ է լավ ապրելու արհեստ»: Կամ, որ ավելի երկարն է, այսպես է ասվում,— «Կրթության նպատակն է՝ զարգացնել մարդուս ամբողջ բնությունը, այսինքն, մարմինը, հոգին և միտքը պետք է զարգացնել միահավասար, որ նա կարող լինի պատերազմել կյանքի բոլոր արկածքների դեմ, և, նոցա հաղթելով, բարելավացնել յուր անձնական վիճակը»։ Եվ ո՞վ կարող է հերքել այս իմաստուն խոսքերը, որ թեև հայի բերնում ևս պտտվում են, բայց հանճարավոր եվրոպացու մտքի ծնունդ են և դարավոր փորձերի եզրակացություն։

Ես կարծում եմ, սիրելի Ավետիք, որ այն, ինչ որ ասած է, ճշմարիտ է. միայն մեր կրթության հիմքը պետք է ուրիշ խոսքերով բացատրել, օրինակ այսպես. հայի կրթության հիմքը պետք է լինի ոչ միայն նորա ամբողջ բնությունը զարգացնել, այլև այնպես պետք է կրթել, որ նա լավ իմանա յուր մայրենի լեզուն, յուր հայրերի կրոնը, որպեսզի ոչ միայն կյանքի բոլոր արկածքների դեմ պատերազմելով կարողանա բարելավացնել յուր վիճակը, այլև լավ գիտենա յուր ազգության գլխավոր հատկանիշները՝ լեզուն և կրոնը։ Բայց թե ինչո՞ւ այս վերջին բացատրությունը պետք է հայի կրթության հիմքը լինի և ոչ առաջինը, որ բոլոր եվրոպացիք միահավասար ընդունել են, այդ հարցը ինքնիրան կլուծվի, երբ մենք ուշի ուշով կքննենք մեր ժողովրդի այժմյան բարոյական վիճակր, նրա հակամիտությունր, այդ հակամիտության շարժառիթքը, արդեն կրթյալ երիտասարդների հոգեկան և մտավոր զորությունքը և այլն և այլն։ Բայց որովհետև այդ բոլորի վերա խոսելը շատ կերկարի, առայժմ մի հարևանցի ուշադրություն դարձնենք, միմիայն հիշյալ բացատրությունների զանազանության վերա։

Այդ երկու հիմքերի գլխավոր զանազանությունը, որ շոշափելի կերպով մարդու