Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գուցէ խմբագրական մի սուրհանդակ է, որ ձեռագրիս շարունակութիւնն ուզելու է գալիս։

Դրախտային սենեակը, Կուռքը, երազների թագուհին, Սիլֆիդը, ինչպէս կասէր մեծ Ռրնէն, ամբողջ մոգութիւնը չքացաւ Ուրուականի մի վայրի հարուածով։

Սոսկո՜ւմ... Ես ուշքի եկայ, մտաբերեցի, այո՛, աղտեղի այս խուցը, դժոխային տաղտկութեան բնակավայրն է սա, և դա իմ բնակարանն է։

Ահա անմիտ կարասին՝ փոշեպատ, կոտրտուած, վառարանս անբոց ու անկայծ, թքոտ ու մրոտ, ահա տրտում լուսամուտներս, ուր անձրևն ակօսներ է գծել փոշեպատ ապակիների վրայ, ահա խզբզած, թափթփուած ձեռագիրներս, ահա օրացոյցը, ուր մատիտով նշանուած են պայմանուած, չարագոյժ օրերը։

Եւ անդրաշխարհային այն բուրմունքը, որով ես արբում էի այնքա՜ն նրբազգած, աւա՜ղ, փոխուել է ծխախոտի և ինչ որ գարշելի բորբոսի խառնուրդ հոտի։

Մի ծթռած աւերմունքի շունչ է փչում այստեղ։

Այս նեղ, բայց տաղտկաշատ աշխարհում լոկ մի բան կայ, որ գիտէ ինձ ժպտալ. դա լաւդանոնի սրուակն է, վաղեմի ու սոսկալի մի բարեկամ, որն ինչպէս և բոլոր բարեկամները, աւա՜ղ, բեղուն է թէ սիրով, թէ դաւաճանութեամբ։

Ո՜հ, դարձաւ ժամանակը․ նա վերստին իշխում է և այդ զազրելի ծերուկի հետ եկաւ նրա դիւային ամբողջ շքախումբը՝ Ցուշ, Ափսոսանք, Հառաչ, Ահ, Անձկութիւն, Կոշմար, Ցասում, Ջլախտ։

Յիրաւի, որ վայրկեաններն այժմ աւելի աղմկալի և հանդիսաւոր են խփում, և նրանցից ամեն մէկը ժամացոյցից դուրս է թռչում ու ճչում՝ «ես եմ կեանքը, անտանելի, անողորմ կեանքը» ։

Եւ մարդկային կեանքում չը կայ և ոչ մի վայրկեան, որ աւետիք բերելու կոչումն ունենար, այն աւետիքը, որ բոլորին անասելի զարհուրանք է ներշնչում։

Այո, ժամանակն իշխում է, նա կրկին տէր է իր կոպիտ բըռնութեամբ։

Եւ նա իր կրկնակի խթանով առաջ է մղում ինձ, որպէս մի եզի՝ «հօ՜, անասուն, քրտնիր ստրուկ, ապրիր նզովեալ»։