Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դաշտում, ուր ոչ ճանապարհ կար, ոչ կանաչ, ոչ փուշ, ոչ եղիճ՝ հանդիպեցի ես մարդկանց մի խուռն բազմութեան, որ կորաքամակ առաջ էր շարժւում։

Մարդկանցից ամեն մէկը տանում էր իր ուսին վիթխարի մի Քիմեռ, ծանր, որպէս ալիւրով կամ քարածուխով լի մի պարկ, կամ որպէս հռոմէական հետևակի սպառազինութիւն։

Բայց այլանդակ այդ հրէշը լոկ անշարժ ու անկենդան բեռ չէր—նա փաթաթւում էր ու ճնշում մարդուն իր առաձգական ու զօրաւոր մկաններով։ Իր զոյգ, լայն ճանկերով կպել էր նա իրեն կրողի լանջին և իր առասպելական գլուխը կրողի ուսերից վեր էր բարձրանում, որպէս այն սոսկալի սաղաւարտը, որով հնադարեան զինուորները սարսափ էին ուզում ներշնչել իրանց թշնամիներին։

Ես դիմեցի այդ մարդկանցից մէկին ու հարցրի, թէ ուր են գնում իրանք։ Նա պատասխանեց, որ իրանք ոչինչ չը գիտեն՝ ոչ ինքը, ոչ միւսները, բայց որ, ըստ երևոյթին, նրանք մի տեղ գնում են, քանի որ նրանց աոաջ է մղում անյաղթ մի զօրութիւն։

Զարմա՜նք, որ այդ ճամբորդներից և ոչ մէկը դժգոհութիւն չէր արտայայտում այն ահռելի կենդանու դէմ, որ կախււել էր նրանց վզից, կպել նրանց մէջքին—ասես թէ իրանց էութեան մի մասը լինէր։

Այդ յոգնած ու լուրջ դէմքերից ոչ մէկի վրայ չը կար վհատութեան որև է նշոյլ։

Երկնի թախծալի կամարի տակ, ոտքերը փոշում թաղած գնում էին նրանք այդ երկնի նման ամայի երկրում, գնում էին խոնարհ, յաւիտեան յուսալու դատաապարտուածների նման։

Եւ նրանց բազմութիւնն անցաւ իմ մօտով ու կորաւ հեռաւոր հորիզոնում, այնտեղ, ուր երկրի մակերևոյթը կլորանում է և խուսափում մարդու հետաքրքիր հայեացքից։

Մի պահ ճգնեցի ես պարզել ու ըմբռնել այդ հանելուկը, բայց ահա անդիմադրելի անտարբերութիւնն իջաւ վրաս ու ճնշեց ինձ իր ծանրութեան տակ առաւել, քան այն մարդկանց էին ճնշում իրանց Քիմեռները։

7.

ԽԵՆԹՆ ՈՒ ՎԵՆԵՐԱՆ

Ի՜նչ զմայլելի օր է․․․ Ահագին պուրակը թալկանում է վառվռուն շողերի տակ, որպէս պատանութիւնն է թալկանում Սիրոյ տիրապետութեան ներքոյ։