Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ մի ուրիշը, որ վեհերոտութիւնից մարդկանց հայեացքի դէմ աչքերը խոնարհում է, որ իր թոյլ կամքի բոլոր ոյժը պիտի հաւաքէ, որպէսզի կաֆէ մտնի կամ թատրոն, որի մուտքի մօտ կանգնած տոմսառուն թւում է նրան Մինոսի, Էակոսի և Ռադամանտի վեհութեամբ զգեցած, անսպասելի կերպով կարող է իր կողքովն անցնող մի ծերուկի վզովն ընկնել ու հիացած պաչպչել նրան ապշած ամբոխի առջև։

Ինչո՞ւ։ Նրա համար․․․ նրա համար, որ այդ դէմքը նրան անյաղթելի մի համակրանք է ներշնչել, կամ գուցէ աւելի ճիշտ կը լինէր ենթադրել, որ նա ինքն էլ չը գիտէ՝ ինչո՞ւ։

Քանի՜ անգամ եմ զոհ դարձել ես այդ դրդմանը, այդ յոյզին, որ իրաւունք է տալիս մեզ կարծելու, որ չարանենգ դևերը ներս են սողում մեր մէջ և ստիպում են մեզ առանց մեր գիտութեան իրանց ամենաանհեթեթ կամքը կատարելու։

Մի առաւօտ ես արթնացայ մռայլ, տրտում, պարապութիւնից յոգնած և, ինձ թւում էր, տրամադիր դրդուելի մի մեծ բան, մի վսեմ գործ անելու, բայց, աւա՜ղ, ես բաց արի պատուհանս։

(Նկատեցէք, խնդրեմ, որ միստիֆիկացիայի ոգին, որն արարածներից ոմանց մէջ աշխատութեան ու հնարագիտութեան արդիւնք չէ, այլ յանկարծակի մի ներշնչում, իր ջերմագին մղումով շատ նման է այն դրութեան, որ բժիշկները հիստերիկ են կոչում, իսկ բժիշկներից քիչ աւելի խելացի մտածողները՝ սատանական, այն դրութեան, որ մղում է մեզ՝ առանց մեր կողմից դիմադրութեան հանդիպելու՝ դէպի մի շարք վտանգաւոր ու անվայել վարմունքներ։)

Առաջին մարդը, որին ես նկատեցի փողոցում, դա ապակեգործն էր, որի խլացնող ու աններդաշնակ ճիչը հասաւ ինձ Պարիզի ծանր ու աղտոտ մթնոլորտի միջից։ Սակայն ես չեմ կարող ասել, թէ ինչու ինձ մի յանկարծակի ու բռնակալ ատելութիւն տիրեց դէպի այդ խեղճ մարդը։

—Է՛յ, է՛յ, վեր կանչեցի ես նրան։

Մինչդեռ ինքս ուրախութեամբ մտածում էի, որ սենեակս վեցերորդ յարկումն է, իսկ սանդուխն այնքան նեղ, որ այդ մարդը բաւական չարչարանք պիտի կրէ, որպէսզի վեր բարձրանայ, իր փխրուն բեռի անկիւնները շարունակ պատերին խփելով։

Վերջապէս նա եկաւ։ Ես հետաքրքրութեամբ զննեցի նրա բոլոր ապակիներն ու ասացի.

—Ինչպէ՞ս, դուք չունէք գունաւոր ապակինե՞ր՝ վարդագոյն, կարմիր, կապոյտ, կախարդական, դրախտային ապակինե՞ր։ Որքա՜ն անամօթ էք դուք։ Եւ դուք համարձակւում էք շրջել խեղճերի փողոցներում, երբ չունէք ապակիներ, որ կեանքն աւելի գեղեցիկ