Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՋԳՈԻԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ [1]

«Հելլեններ պէտք է անուանուեն նրանք, որոնք հաղորդակից են մեր կուլտուրային, բայց ոչ նրանք, որոնք ընդհանուր ծագում ունեն մեզ հետ»:

Իսոկրատէս

Ազգութեան և ազգային կեանքի պրոբլեմը ժամանակակից համաշխարհային պատմութեան ամենահրատապ երևոյթներից մէկն է: Չնայած խնդրի կարևորութեանը՝ այդ պրոբլեմը, որ վերաբերւում է գլխաւորապէս փոքր հպատակ ազգութիւնների գոյութեան ու զարգացման իրաւունքներին, մեծ մասամբ լուսաբանւում է վայրիվերոյ և աւելի քան անբաւարար կերպով։ Գերիշխող մեծ ազգերի գիտնականները շատ յաճախ կոյր ջատագովներ են, բացայայտ կամ թաքուն, տիրող ազգակեր քաղաքականութեան, և շատ բնական է, որ նրանք չեն կարող չէզոք ու անաչառ լինել մի խնդրում, որին չար աչքով է նայում ժամանակակից պետութիւնների ստուար մեծամասնութիւնը։ Այն ընդհանրացած կարծիքը, որը փոքր ազգերի գոյութիւնը համարում է աւելորդ ու աննպատակայարմար, այն վիրաւոր արհամարհանքը, որ յաճախ արտայայտւում է նրանց իղձերի ու ձգտումների հանդէպ, որոշ մտայնութեան ու նպատակաւորութեան արդիւնք են և կապ ունեն անշուշտ արդի պետութեան ազգահալած քաղաքականութեան հետ:

Ակներև ու անհերքելի մի փաստ է, որ նորագոյն, լուսաւոր անուանուած դարերը մռայլ ու արիւնոտ մի դարաշրջան են ազգային խնդրի նկատմամբ, ինչպէս միջին դարերը՝ կրօնական խնդիրների հանդէպ: Արցունքի ու արեան գետերի գնով կրօնական համոզման համար ձեռք բերուեց խղճի ազատութեան սկզբունքը, սակայն ազգային ինքնորոշման խնդրում մենք ապրում ենք դեռ բռնութեան ու հալածանքների խաւար ու դաժան մի նոր միջնադար։ Կրօնական մոլեռանդութիւնը նորագոյն պատմութեան ընթացքում փոխարինուել է ազգայնական մոլեռանդութեամբ, և ինքն ըստ ինքեան հասկանալի է, թէ ինչու մենք ազգային խնդրի նկատմամբ շատ սակաւ ենք հանդիպում անվերապահ, անկեղծ ու սրտացաւ վերաբերմունքի:

  1. Ծանոթ. Այս տեսութիւնը յառաջաբան է այն յօդուածների շարքում, որ հետզհետէ աշխատելու եմ լոյս ընծայել «Գործ» ամսաթերթում։ Այդ յօդուածները, որոնց նպատակն է լինելու լուսաբանել մեր ժողովրդին նրա ազգային-պատմական էութիւնը, բաղկացած կը լինեն հետևեալ մասերից. ա) Ազգութեան գաղափարը, բ) հայ ազգի ընդհանուր անցեալը, գ) հայերի ցեղական ծագումը, դ) հայութեան ընդհանուր լեզուն և ե) հայ ազգի ու կուլտուրայի ղեկավարները: Սոյն տեսութիւններից իւրաքանչիւրը կազմելու է ինքնին մի ամբողջութիւն, ուստի և հնարաւոր եմ համարում հրատարակել յօդուածների այդ շարքն առանձին առանձին, որպէս իրարից անկախ նիւթեր: