Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայերիս համար ազգութեան ու ազգային խնդրի պրոբլեմը կենաց ու մահու խնդիր է, և վերջին ժամանակներս նա յատուկ ուշադրութեան առարկայ է դարձել թէ հայ մամուլի էջերում և թէ հրապարակական դասախօսութիւններում: Հասկանալի է այդ: Հայ միտքը կարիք ու պահանջ է զգում պարզել ու լուսաբանել մի խնդիր, որ հայ ազգի գոյութեան ու ապագայի հիմքն է կազմում:


Ազգութեան մասին խորհելիս անհրաժեշտ է ամենից առաջ պարզ ու որոշ ուրուագծել այդ գաղափարի իմաստն ու բովանդակութիւնը:

«Ազգ» ու «ազգութիւն» բառերը շատ յաճախ գործ են ածւում միանգամայն տարբեր ու հակադիր մտքերով։ Անգլիայում ու Ֆրանսիայում, օրինակ, «ազգ» (nation) ասելուվ՝ հասկանամ են այդ բառի տակ բոլոր քաղաքացիների խմբակցութիւնը առանց կրօնի ու ազգի խտրութեան, իբրև պետական մի միութիւն: Իսկ ծագումով, անցեալով ու լեզուով իրարից տարբերուող ազգային խմբակցութիւններն անուանում են այնտեղ «ժողովուրդներ» (peuples, peoples):

Ռուսաց գրականութեան մէջ «ազզ» (нацiя) բառը նոյնպէս գործ է ածուել յաճախ պետական իմաստով: Ռուս նարոդնիկներն իրենց երկերում «ազգային հարստութիւնը» հակադրելով ժողովրդական բարօրութեան՝ եզրակացնում էին, որ «ազգը» կարող է շատ հարուստ լինել, իսկ «ժողովուրդը»՝ աղքատ: «Ազգային հարստութիւն» ասելով, նրանք հասկանում են ռուս պետութեան հարստութիւնը, իսկ «ժողովուրդ» ասելով ի նկատի ունեն ռուս գիւղացիներին ու աշխատաւորներին։

Նոյն պետական իմաստն ունի «ազգային տնտեսութիուն» բառը (Nationaloekonomie) տերմինում:

Թէ եւրոպական և թէ ռուս գրականութեան մէջ նոյն «ազգ» բառը գործ է ածւում նաև ծագումով, անցեալով և լեզուով իրարից տարբեր ազգային խմբակցութիւնների համար, և այս դէպքում «ազգ» և «ազգութիւն» բառերի կիրառութիւնը վերաբերւում է ոչ թէ պետական, այլ կուլտուրական խմբակցութիւնների, որոնցից շատերը պետական տեսակէտից միութիւն չեն կազմում, այլ ապրում են ցիր ու ցան, ստորադրուած զանազան պետական միութիւնների:

«Ազգ» բառի տարբեր մտքով գործածումն առիթ է տալիս խառնաշփոթումների ու թիւրիմացութիւնների։

Ենթարկուելով անգիտակցօրէն եւրոպական ու ռուս գրականութեան ազդեցութեանը, մեզանում ևս շատ յաճախ «ազգ» կամ «ազգութիւն» բառերը գործ են ածում մերթ պետական, մերթ կուլտուրական իմաստով: Հայերը, վրացիները, լեհերը «ազգեր» են, սակայն հարկաւ ոչ իբրև պետական միութիւններ, այլ պատմական–կուլտուրական խմբակցութիւններ: Ընդհակառակը՝ երբ խօսում են զուիցարական «ազգի» մասին, անգիտակցաբար «ազգ» բառի իմաստը հիմնովին փոխում են, տալով նրան պետական միութեան նշանակութիւն։ Ւնչ ասել կուզէ, որ միևնոյն բառի գործածումը տարբեր ու նոյնիսկ ներհակ գաղափարների համար առաջ է բերում երկմտութիւն և թիւր ու սխալ հետևութիւնների պատճառ լինում։

Խառնաշփոթումներից խուսափելու համար անհրաժեշտ է զանազանել