Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրանց ազգութեանը, և աւելի զօրեղ է սրանց բնազդային համազգացութեան կապն ազգային ընդհանրութեան հետ:

Ազգային միութեան այս բնազդական կապը, որը գիտակցութեան մԷջ չէ արտայայտւում, միանգամայն աչքաթող են անում նրանք, որոնք ազգութիւնը բնորոշում են իբրև գիտակցութեան միութիւն: Այդ թերութեան պատճառով նրանց բնորոշումը սխալ է հԷնց հոգեբանական տեսակէտից։

Ընդունելով, որ ազգային միութեան ու համերաշխութեան հիմքը կազմում են և գիտակցութիւնը, և բնազդը, աւելի ուղիղ կը լինի ենթադրել, որ ազգութեան հոգեբանական կապը ոգու միութիւնն է։ Ոգի ասելով մենք հասկանում ենք գիտակցութեամբ օժտուած ինտելլեկտը և անգիտակից բնազդը։

Ազգութիւնը համարելով ինքնագոյ ոգեկան-կուլտուրական խմբակցութիւն, մենք տալիս ենք մի սահմանում, որով բնորոշւում է ազգութեան իսկական բովանդակութիւնը և շեշտում նրա ոգեկան-կուլտուրական էութիւնը։ Ամենից առաջ ազգութիւնը որոշ հաւաքական ոգեկան-կուլտուրական անհատականութիւն է։ Ընդհանուր կուլտուրական ժառանգութիւնը, կուլտուրական միահամուռ աշխատանքը և ազգային ստեղծագործական կարողութիւնը կազմում են ազգութեան և հիմքը և արժէքը։

Ազգութեան ոգեկան կուլտուրական մեծ գործը չունի միայն նեղ ազգային նշանակութիւն, այլ այդ գործը ամենակարևոր ֆակտորն է մարդկային կեանքի և դառնում է իր խոշոր ստեղծագործական արտադրութիւններով սեպհականութիւն հանուր մարդկութեան։

Ով չէ ընդունում ազգային կուլտուրայի գաղափարը և նրա դրական ու առաջնակարգ նշանակութիւնը, նա չէ կարողանալու բացատրել ու պատճառաբանել ազգերի գոյութեան նպատակն ու իմաստը։ Բազմաթիւ ազգերի ու լեզուների գոյութիւնը դառնում է այդպիսիների համար պատմական էվոլիւցիայի անմիտ մի խաղ: Եթէ ազգութիւնը համարուի անբովանդակ մի ձև, այդ դէպքում ասսիմիլեացիայի ու ձուլման քաղաքականութիւնը և արդարացի է, և հետևողական։ Եւ չը գիտենք, թէ ինչպէս կարելի կը լինի հիմնաւորել ու արդարացնել ազգային զարգացման և ինքնորոշման այն պահանջը, որ յայտարարում են իրանց ծրագրում առաջնադէմ քաղաքական կուսակցութիւնները։

Այդ պահանջը բանաւոր հիմք կունենայ միայն այն դէպքում, եթէ ընդունուի ազգութեան դրական նշանակութիւնը և ազգային կուլտուրայի ու ոգեկան ստեղծագործութեան խոշոր ու օգտակար դերը, այլապէս միանգամայն անհասկանալի է, թէ ինչու պէտք է հաշտուել մի փաստի հետ, որը զուրկ լինելով դրական բովանդակութիւնից, արգելք ու խոչընդոտ է ազգային հատուածների կուլտուրական ձուլման։

Մենք ընդունում ենք, որ որոշ մտքով կարելի է խօսել կուլտուրական հանուր մարդկութեան մասին, սակայն պէտք է ի նկատի ունենալ, որ կուլտուրական մարդկութիւնը վերացական, հակազգային մի գաղափար չէ, այլ պատմական մի ամբողջութիւն, մի գումարում, որ բաղկացած է կուլտուրական ազգութիւններից։ Ինչպէս առանձին անհատներից կազմուած է ազգային խմբակցութիւնը, այնպէս և ազգային անհատականութիւններից կազմուած է մարդկութիւնը: