Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ժարգոնն» իսկ գոյութիւն չունենար, դարձեալ հրէաների օրինակը չէր կարող բացասել լեզուի և ազգութեան սերտ ու անհրաժեշտ կապը։ ՀրԷաները ճանաչւում են իբրև ազգ շնորհիւ իրանց ազգային մեծ կուլտուրայի, որը հիմնոււած է եղել հին եբրայեցերէն ազգային լեզուի վրայ։ Առանց այդ լեզվի չէր կարող գոյութիւն ունենալ հրէական ազգային հին կուլտուրան ոգեկան իր խոշոր ու ինքնուրոյն արտադրութիւններով, իսկ առանց այդ կուլտուրայի չէր լինի և հրէութիւնը, իբրև ազգային խմբակցութիւն: Եթէ հրէաները բոլորն էլ լինէին օտարախօս, այդ փաստը կապացուցանէր այն, որ ազգային կուլտուրական խմբակցութիւնը որոշ նպաստաւոր պայմաններում կարող է պատմական իներցիայի ոյժով երկար ժամանակ պահպանել իր գոյութիւնը և ապրել անցեալի յիշողութիւններով, որպէս ազգային-կրօնական մի միութիւն։

Ազգային ոգեկան կուլտուրայի համար այդ դրութիւնն ախտաւոր մի դրութիւն է, որովհետև առանց լեզուի կանգ է առնում ազգային կուլտուրայի զարգացումը, անհնարին է դառնում ազգային ոգեկան ստեղծագործումը և ազգութիւնը բացասեռման վտանգի է ենթարկւում։ Առանց լեզուի ազգութիւնը, որպէս ոգեկան-կուլտուրական խմբակցութիւն, համր է ու մունջ։ Ժամանակակից հրէութիւնը շատ լաւ զգում ու գիտակցում է այդ և ամեն ջանք գործ է դնում, որ վերաստեղծէ ազգային սեպհական լեզու։

Լեզուն ոչ միայն ամենաառաջնակարգ ու ամենավսեմ բարիքն է ազգութեան համար, այլ նա այն հիմքն է, որի վրայ միայն կարող է կառուցուել ազգային կուլտուրայի հոյակապ ու ինքնատիպ շէնքը։

Ազգութիւնը սահմանելով որպէս ոգեկան-կուլտուրական խմբակցութիւն՝ մենք բնականաբար ազգային լեզուն համարում ենք ազգային խմբակցութեան ամենաէական յատկանիշը և նրա ոգեկան կեանքի զարգացման ամենաանհրաժեշտ տարրը:

Ազգութիւնը, ասում են, չէ բնորոշւում նաև իբրև որոշ ռասա։ Ռասա ասելով հասկանում են անշուշտ մարդկութեան բաժանումն այնպիսի խմբերի, որոնք զանազանւում են իրարից տիպական արտաքին առանձնայատկութիւններով։ Մարդաբանները, պէտք է ասել, մինչև այժմ դեռ չեն յանգել մի ընդհանուր եզրակացութեան այդ խնդրում։ Ոմանք նրանցից ընդունում են, իբրև հիմք բաժանման, մարդկանց երեսի գոյնը, ոմանք՝ մազերի որակը, իսկ վերջերս մեծ մասամբ ռասայական յատկանիշ համարում են մարդկանց գանգի ձևը:

Գանգաբանական տեսակէտից, ինչպէս յայտնի է, տարբերում են երեք տիպի ժողովուրդներ՝ երկարագլուխներ, միջակագլուխներ և կարճագլուխներ։

Արդ՝ բոլոր այդ բաժանումները յիրաւի որ նշանակութիւն չունեն ազգութեան բնորոշման համար։ Նախ որ այդ բաժանումներն այնքան ընդհանուր են, որ ամեն մի ռասայական խումբ պարունակում է իր մէջ ազգութիւնների մի մեծ շարք։ Ազգութիւնները մեծ մասամբ այս կամ այն ռասսայի ստորաբաժանումներն են և հարկաւ չեն կարող ճանաչուել ինքնամփոփ ու իրարից անկախ ռասաներ մարդաբանական իմաստով։

Բացի այդ՝ գանգաբանական բաժանման մասին անհրաժեշտ է նկատել, որ չը կայ բնաւ մի ազգ, որն ամբողջովին լինի երկարագլուխ կամ միջակագլուխ