Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

գերազանցապէս կրօնական էր, ուստի շատ բնական է, որ ազգային գիտակցութիւնը խառնւում էր ու շփոթւում կրօնական գիտակցութեան հետ: Կրօնից դուրս չը կար այլ կեանք և այլ նպատակ։

Ազգութիւնը, թէև այն ժամանակ էլ կուլտուրական հանրութիւն էր, բայց կուլտուրան ինքը կամ կրօն էր, կամ կրօնի ստորադիր։ Կրօնափոխ լինել նշանակում էր անջատուել կրօնական-կուլտուրական ընդհանրութիւնից, այսինքն ապազգայնանալ։

Երբ լուսաւորչական հայը կաթոլիկութիւն էր ընդունում, նրան չէին անուանամ կաթոլիկ հայ, «ֆրանկ»։ Եթէ հայը մահմեդական է դառնում, ժողովուրդը մինչև այժմ ասում է, որ նա «թուրքացել» է: Եթէ կաթոլիկ հայը կարողացել է կրօնազօր միջնադարում պահել իր ազգութիւնը, դրա պատճառն այն Է, որ երկրռւմ չը կար «ֆրանկ» ազգ, որի հետ կարողանար նա ձուլուել։ Այլ պայմաններում գտնուել Է քաղկեդոնիկ և մահմեդական հայը, որը ձուլուել է շրջապատող վրացիների, յոյների, թուրքերի և քուրդերի հետ:

Քաղկեդոնիկ հայերի մնացորդներն են ըստ երևոյթին հայ հոռոմները կամ յունադաւան հայերը, որոնք հայախօս են և ապրում են մեծ մասամբ Կարսի շրջանում և Սև ծովեան նահանգներում:

Հին և միջնադարեան Հայաստանում ապազգայնացման հետ միասին տեղի է ունեցել և հակադիր մի շարժում։

Կովկասաբնակ աղուանների մի մասը, ինչպէս և ուրիշ օտար ցեղեր, ձուլուել են հայերի հետ, ընդունելով հայ լուսաւորչական կրօնը։ Կրօնական միութիւնն այս դէպքում առաջ է բերել կրօնա-կուլտուրական ձուլում և նպաստել օտար տարրերի հայացմանը։

Այսպիսով մենք տեսնում ենք, որ կրօնը պատմական որոշ շրջաններում և պատմական որոշ պայմաններում եղել է ամենազօրեղ գործօնն ազգային խմբակցութիւնների կազմակերպման ու կազմալուծման գործում։

Նրա ազդեցութեան չափը կարելի է շատ հեշտ որոշել։ Որքան զօրեղ լինի կրօնական տարրն ազգային կուլտուրական ընդհանրութեան մէջ, այնքան մեծ կը լինի կրօնի դերն ազգութեան նկատմամբ։ Եթէ ազգային կուլտուրական ընդհանրութիւնը բացարձակապէս կրօնական բնոյթ ունի, կրօն և ազգութիւն դառնում են համարեա թէ նոյնիմաստ գաղափարներ։

Ժամանակակից կեանքում կրօնի դերն ազգութեան նկատմամբ խիստ աննշան է ու գրեթէ Արևմտեան լուսաւոր երկիրներում, իսկ Արևելքում նրա ազդեցութիւնը զօրեզ է կամ թոյլ, նայելով թէ որ աստիճան այս կամ այն կուլտուրական միութիւնը զուրկ է աշխարհիկ բովանդակութիւնից և ենթակայ կրօնի ու դաւանանքի բացարձակ իշխանութեանը։

Կրօնն ուրեմն, ինչպէս տեսնում ենք, բնակավայրի նման յարաբերական և պայմանաւոր գործոն է ազգութեան, ուստի կրօնն ևս չէ կարելի ընդունել անհրաժեշտ բնորոշող յատկանիշ ազգութեան։

«Ազգ» գաղափարը սահմանելով որպէս առանձնայատուկ կուլտուրական խմբակցութիւն, թւում է ինձ, որ մենք ուղիղ ճանապարհի վրայ ենք գտնւում։ Այդ սահմանումը, որ շեշտում է ազգութեան բուն էութիւնն