շատ աւելին տալ հայ ազգաբնակչութեան շարժման նկատմամբ։ Եւ այս դէպքում չը պիտի հիմնել նոր մարմիններ կամ օրգաններ, նրանք կան արդէն իրենց հինաւուրց գոյութեամբ. պէտք է միայն կազմակերպել և պարտադիր կանոններ մշակել այդ մարմինների համար։
Մենք ունենք առաջնորդներ, յաջորդներ, գործակալներ և բոլոր խուլ անկիւններում քահանաներ. մենք ունենք այդ բոլորի գործունէութեան գլխին կանգնած և օրինական պարտաւորութեամբ հսկող բարձր ինստանցիա՝ Եջմիածնի Սինօդր։
Ահա այդ մարմինները։
Յայտնի է ամենքիս, որ հայ ժողովրդի ազգաբնակչական կեանքում կատարւում են չորս նշանաւոր ակտեր, որոնք անմիջական առնչութեամբ կապուած են հոգևոր հաստատութիւնների հետ և կատարւում են նրանց սպասաւորների միջոցով։ դրանք են՝ ծննդեան, մահուան-թաղման, ամուսնութեան եւ ամուսնալուծութեան դէպքերը։
Ազգաբնակչական ստատիստիկայի չորս կարևոր, կենսական նշանակութիւն ունեցող բնագաւառներ են դրանք։ Եւ մեր հոգեւոր բարձր վարչութիւնը կարող է անգնահատելի ծառայութիւն մատուցանել այդ հողի վրայ։ Չի լինում ծննդեան, մահուան, ամուսնութեան ու ամուսնալուծութեան մի դէպք քաղաքներում թէ գիւղերում, որոնց իրազեկ չը լինեն թուածս հոգևոր մարմինները. սրանք պարտաւորապէս ցուցակագրում են այդ բոլոր դէպքերը յատուկ մատեաններում։
Ի՞նչ է մնում անել Էջմիածնի Սինօդին։
Մի շատ հասարակ բան։
Գործի գլուխ կանգնեցնել մի բարեխիղճ, մասնագէտ վիճակագրագէտի, յանձնել նրան կուտակուած հում նիւթերը աղիւսակային սիստեմատիզացիայի ենթարկելու՝ յիշուած այդ չորս ակտերը առանձին-առանձին։ Ամբողջ գործը իր մանրամասներով աւելի շօշափելի դարձնելու համար կարելի է այդ դէպքերի քանակը ներկայացնել ոչ միայն առհասարակ բոլոր հայերի նկատմամբ, որոնք բնակւում են Ռուսաստանում, այլ և տալ նաև ստորաբաժան րայոնների տուեալների համար առանձին աղիւսակներ. օրինակ ամբողջ Կովկասը, միայն Անդրկովկասը, նահանգներ, շրջաններ, գաւառներ, գաւառակներ առանձին-առանձին։ Այդ բոլոր տուեալները, թանկագին նիւթերը, կարող է Սինօդը հրատարակել տարին մի անգամ, իբրև ստատիստիքական տարեգիրներ (ежегодникъ) հայ ժողովրդի ազգաբնակչական շարժման մասին։
Կրկնում ենք, դիւրին ճանապարհով կատարած մի անգնահատելի ծառայութիւն կը լինի այդ։ Եւ որ գլխաւորն է, սխալներ կարող են համարեա չը լինել, շատ չնչին բացառութիւններ կարող են լինել դրանք, որովհետև թուեր հաւաքող սկզբնական և անմիջական օրգանը՝ երեխայ մկրտող, մեռել թաղող և պսակ կատարող քահանան վստահելի է և պարտադիր հրահանգներով օժտուած։
Այդ սահմաններում ստատիստիքական հետախուզումներ կարելի է կատարել նոյն իսկ անցեալ տարիների և տասնամեակների նկատմամբ. չէ՞ որ, յուսով ենք, պահպանւում են հին մատեանները հայ կոնսիստորիաների և Սինօդի արխիւներում։
Եւ այդպէս մենք կունենանք հրապարակի վրայ հայ ազգաբնակչութեան