Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անմիջապէս արձակեց քահանաներին և պաշտօնեայ-չինովնիկ ուսուցիչներին. ինքը նոր ծրագիր ու նոր խումբ կազմեց, պարտաւորեցնելով բոլոր առարկաները, բացի ռուսաց լեզուից իհարկէ, հայ լեզուով աւանդելու։

Շանշեանի կազմած ծրագիրն այս էր.

1. Ուսումն քրիստոնէական կրօնի և բարոյագիտութեան, որ աւանդելու էր ինքը Շանշեանը։

2. Եկեղեցական պատմութիւն և ֆրանսերէն լեզու, որ աւանդելու էր Փափազեանը, որ քահանայ էր և ապա վարդապետ՝ Գալուստ անունով։

3. Ընդհանուր պատմութիւն և աշխարհագրութիւն՝ Պետրոս Սիմէօնեանց։

4. Բնական պատմութիւն եւ բնագիտութիւն՝ Գաբրիէլ Խատիսեան (այս երեքը Դորպատի համալսարանիցն էին)։

5. Հայ լեզու՝ Յակոբ Կարինեան և Երեմիա Իսահակեանց։

6. Ռուս լեզու՝ Մ. Պատկանեան և Արամելիքեան և

7. Երաժշտութիւն՝ Գէորգ քահանայ Արամեանց, որ յետոյ Ղարաբաղի առաջնորդ դարձաւ[1]։

Իր այս ծրագիրը կաթողիկոսին և հոգեբարձութեանը ներկայացնելով, Շանշեանը միաժամանակ մի ընդարձակ զեկուցագրով բացատրում էր այդ ծրագրին հիմք ծառայող մանկավարժական մտքերը, մտքեր, որոնք խիստ հետաքրքրական են, ուստի ես նրանց ամբողջապէս առաջ եմ բերում այստեղ գրաբառից աշխարհաբառի վերածելով։

5.

«Դասատւութեան այժմեան եղանակը, գրում է Շանշեանը, հայոց բոլոր ուսումնարաններում շատ և շատ թերութիւններ ունի դաստիարակութեան տեսակէտից։ Այդ եղանակը չէ համապատասխանում ոչ գիտութեան կարևորութեանը, ոչ մանուկների ընդունակութեան չափին և ոչ էլ նրանց օգտին է ծառայում, մինչդեռ մանուկների կրթութիւնը շատ կարևոր է. դրանք ծնողների և հայրենիքի ապագայ յոյսի և ակնկալութեան գրաւականներն են։ Փիլիսոփաներից մէկը (Լէյբնից) շատ ճիշտ է ասել թէ՝ «ներկայն յղացեալ է ապառնեաւ», դրա համար էլ մանուկների դաստիարակութիւնը իր բոլոր հետևանքներով շատ վսեմ գործ է։ Մանկութեան ժամանակ զարգանում և կազդուրւում են միտքը, զգացմունքը, կարողութիւններն ու տպաւորութիւնները։ Հոգեկան կարողութիւնները մանկական հասակից մշակուելով, կեանքի ամբողջ ապագան արգասաւոր են կացուցանում։

Դասատւութեան այժմեան եղանակը էական մասեր չունի. փոքրիկ արժանիքներին նա մեծ առաւելութիւն է տալիս, և փոքրիկ արժանիք այն բանին, որ առաջին և ամենագլխաւորն է համարւում։ Իզուր մի քանի դաստիարակների

  1. Ներսէսեան դպրոցի աշակերտները երթեւեկ էին, բայց որովհետեւ նրանց մէջ հեռաւոր քաղաքներից եւ գիւղերից եւս երեխաներ կային, ուստի եւ Շանշեանը ծրագրեց, որ այդպիսիների համար գիշերօթիկ բաժին եւս բացուի դպրոցում եւ նրանցից աղքատները դպրոցի որդեգիրներ լինեն։ Յետագայում այդպէս էլ եղաւ։