Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է Շանշեանից, գրելով թէ նա կամենում էր ինքնագլուխ կառավարել ուսումնարանը և չէր համաձայնում, որ հոգաբարձուները «գործակից» լինեն իրան։

Կաթողիկոսին տուած պատասխանագրի մէջ Հաքիմեանը Շանշեանի մասին գրում է. «քանզի ոչ է բնակեալ ի կողմանս մերում և ոչ կրթեալ ի բնութեանց մերոց, յայդպիսի երիտասարդութեան իւրում ներող լերուք նմա»։

Եւ յետոյ Հաքիմեանը միջնորդում է «կարգել կրկին անգամ Շանշեանց ի պաշտոնի իւրում. զի յոյս ունիմ առ Աստուած, գրում է նա, բերելոց է նա զօգուտս մեծս ազգի մերում եւ առնելոց է զբարոյական խորհրդածութիւնս աշակերտաց»։

Սակայն կաթողիկոսը չը յարգեց այս միջնորդութիւնը։ Եւ Շանշեանի փոխարէն Գաբրիէլ քահ. Պատկանեանին տեսուչ կարգելով, դպրոցը թողեց նախկին դրութեան մէջ։

Նոր տեսուչը իր Ռափայէլ որդուն (Գամառ-Քաթիպա) ուսուցիչ հրաւիրեց դպրոց։ Բայց Ռափայէլը հազիւ ամիսուկէս անցած մի այնպիսի սկանդալ սարքեց ուսուցչանոցում իր հօրեղբայր Միքայէլ Պատկանեանի հետ մի մասնաւոր դէպքի համար, (բանը հասաւ ծեծի) որ ամբողջ դպրոցն ու հայ հասարակութիւնը տակնուվրայ եղան, ոստիկանութեան միջամտութեան մասին խօսք ու զրոյցներ լոյս ընկան, և վշտացած կաթուղիկոսը Աղաթոն Հաքիմեանցին դիմելով, խնդրեց նրան Շանշեանին համոզել և վերադարձնել Թիֆլիս։ Սակայն Շանշեանն անսասան մնաց և յանձն առաւ տեսչութիւնն ընդունել այն դէպքում միայն, եթէ հոգաբարձութիւնը պաշտօնապէս ընդունի իր պահանջը և համաձայնի առաջարկած պայմանին։

Եւ հոգաբարձութիւնն ընդունեց պայմանը. համաձայնեց նոյնպէս և կաթողիկոսը, որի վրայ որոշ ազդեցութիւն գործեց բժշկապետ Սողոմոն Տէր Ղուկասեանցը[1]։

10.

Շանշեանը վերադարձաւ Թիֆլիս եւ վերստին ստանձնեց Ներսէսեան դպրոցի տեսչութիւնը իր կազմած ծրագրովն ու ուսուցչական խմբովը։

Հոգաբարձութեանը ներկայացրած նրա ծրագրի հէնց նախաբանը ակներև ցոլացնում էր, ինչպէս տեսանք, հեղինակի ոգին, ուղղութիւնը, որ է կրօնական-բարոյական։ Կարելի է ասել, որ Պետրոս Շանշեանը այդ ուղղութեամբ ծնել, սնել, ապրել ու գործել է մինչև իր վերջին շունչը։ Եւ այդ ուղղութեան համար ամենից առաջ նա պարտական է իր հօրը՝ Սամուէլ Շանշեանին, որ վերին աստիճանի երկիւղած և ջերմեռանդ քրիստոնեայ է եղել։ Նա իր բնակարանում մի յատուկ սենեակ ունէր, յատակն աղիւսների մանրուած կտորտանքներով ցանուած, ուր նա ամենայն առաւօտ և երեկոյ չոքած աղօթում էր։ Բացի դրանից Սամուէլն իր ազատ ժամերն անց էր կացնում Ս. Գրքի ընթերցանութեամբ։ Եւ այդ ընթերցանութիւնը նրան հոգեկան ամենամեծ բաւականութիւն և հաճոյք է եղել պատճառելիս[2]։

  1. Այս բժշկապետը մեծ պաշտպան էր իր ժամանակի ուսում աոած մարդկանց։ Ի թիւս այլոց իր ծախքով Ստ. Նազարեանցին Դորպատ ուղարկեց ասում առնելու։
  2. Որին մասնակից էր անում իր ընտանիքի անդամներին, բացատրելով նրանց Ս. Գրքի իր կարդացած կտորները։