Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15․

Ոչ պակաս զուարճալի և օգտակար զբօսանքներ կատարում էին Ներսէսեան դպրոցի աշակերտներն աշնանային տօներին և այգեկութիւն։

Շանշեանը վերակացուների և ուսուցիչների հետ աշակերտներին տանում էր, ի հարկէ ոտքով, Կրծանիս կամ Ծիրանաւոր, Շահնաբաթ, Թելեթ, Շվինդիս, ուր նրանք երկար ժամանակ խաղում, երգում էին, նախաճաշում բնութեան ծոցում և ապա ցնծութեամբ վերադառնում դպրոց։

«Տեսչի ընկերակցութիւնն աշակերտաց հետ, գրում է Մուրադեանը, իւր խօսքերն զբօսանաց ժամանակ, ուտելու ժամանակ, քալելու ժամանակ սքանչելի դասեր էին։ Կային աշակերտներ, որ ետևէն քայլելով, կոխում էին նորա ոտնատեղերն, կարծելով թէ կը վարժին նորա պէս վեհ քալուածք ունենալ, նորա պէս շնորհալի ձև ունենալ։»

«Ս. Վարդանանց տօնն, շարունակում է Մուրադեանը, և Աւագ Հինգշաբթին մեզ համար առանձին ցնծութեան օրեր էին։ Վարդանանց տօնին ինքը տեսուչը յատուկ պատարագ էր մատուցանել տալիս ի յիշատակ մեռելոց․ իսկ Աւագ Հինգշաբթին տեսուչ և աշակերտք ընդունում էին ս. հաղորդութիւն։ Այդ երկու օրերն տեսուչն սեղանակից էր լինում մեզ և իւր կողմէն պատրաստում էր մի մի բաժակ գինի աշակերտաց համար։ Այնքան անջինջ տպաւորութիւն է ունեցած սրտիս վրայ (և անշուշտ այն շրջանի աշակերտաց վրայ) այդ օրերու յիշատակն, որ այսօր իսկ, ծերութեան հասակիս մէջ, կարծում եմ թէ, Պ. Շանշեանց բազմած է սեղանի գլուխն և մենք ճաշում ենք իրեն հետ, այս տարբերութեամբ միայն, որ այն ճաշերուն ժամանակ ուրախութիւն ու զուարթութիւն էր փայլատակում մեր դեմքերուն վրայ, իսկ այսօր այս գրելու պահուս արտասուաց շիթերն ինքնին թորում են աչքերէս և կաթկաթում սրտիս վրայ։ Ա՜խ, քաղցր յիշատակներ, ա՜խ, երջանկութեան օրեր»։

Զմայլմունքի հասած գովեստներ մենք լսել ենք շարունակ Շանշեանի և այն աշակերտներից, որոնց անձամբ ծանօթ և պաշտօնակից լինելու բաղդն ենք ունեցել Ներսէսեան և Գայիանեան դպրոցներում։

Դրանք են՝ Պերճ Պռօշեանց, Մարտիրոս Սիմէօնեանց, Ղևոնդ ա. քահ. Խարազևանց, բժիշկ Գրիգոր Տէր Յարութիւնեանց, որ մեր գրականութեան մէջ յայտնի է «Քաջբերունի» կեղծանունով։

16․

Այսպէս ահա, երբ Շանշեանի ղեկավարութեամբ Ներսէսեան դպրոցը օր աւուր զարգանում և ժողովրդականութիւն էր ստանում, չարութեան ոգին սողոսկելով Շանշեանի ոտքերի տակ, ձգտում էր նրան տապալել։ Սակայն կաթողիկոսի ներկայութիւնից քաշուելով, Շանշեանի թշնամիները դեռ սիրտ չէին անում բացարձակ ձեռնարկել իրանց գործին, այլ կողմնակի կերպով հող էին պատրաստում իրանց չար միտքը ի կատար ածելու կաթողիկոսի մահուանից յետոյ։