Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շանշեանը Շուշուց հեռանալով, խափանուեց և նրա այն ձեռնարկութիւնը, որով նա ուզում էր Ղարաբաղի թեմական ղպրոցի և թեմի եկեղեցական ծխական դպրոցների գործերը կարգաւորել։ Նա ինքն արդէն թեմական դպրոցների ծրագիրը պատրաստել էր, իսկ Մուրադեանը Ղարաբաղի մասնաւոր վարժոցները (որոնք գտնւում էին քահանաների, տիրացուների և խալֆաների խնամքի տակ) քննելուց յետոյ, պատրաստւում էր Նուխու վիճակը գնալու այնտեղի վարժոցներն ևս քննելու և մի ընդհանուր տեղեկագիր կազմելու։ Սակայն Շանշեանի և նրա գործակիցների այդ բոլոր մտադրութիւնները ի դերև ելան։

Այժմ դառնանք Շանշեանին հեռացնելու պատճառին։

22.

Այդ պատճառը նոյն էր, ինչ որ մասամբ հիմք էր ծառայել թշնամիների համար Շանշեանի դէմ գործելու Թիֆլիսում՝ իբր թէ Շանշեանը լիւտերականութիւն է քարոզում աշակերտներին։ Առաջին անգամ Շանշեանին ամբաստանողն ու հեռացնողը, ինչպէս տեսանք, Ջալալեան Սարգիս եպիսկոպոսն էր։ Ւսկ այս անգամ Շանշեանին հեռացնողը ինքը Մատթէոս կաթողիկոսն էր, որ մի երկու տարի առաջ անձամբ տեսել, հաւանել ու գովել էր Շանշեանին և հաստատել նրա տեսչութիւնը։

Հապա ամբաստանողն ո՞վ էր այս անգամ։ Ըստ Մուրադեանի՝ դա Գէորգ քահանայ Արամեանցն էր, նա, որին Շանշեանը Ներսէսեան դպրոցում երգեցողութեան ուսուցիչ էր նշանակել տուել։ Վերջերում այդ քահանան վարդապետանալով, Ղարաբաղի առաջնորդ կարգուեց։ Եւ ահա այդ ժամանակ նա մատնել է Շանշեանին Ջալալեան Սարգիս արքեպիսկոպոսի թելադրութեամբ։

Սակայն Գէորգ Արամեանցի այդ ամբաստանութիւնը նրա վրայ էժան չը նստեց։ Ժողովուրդը նրա դէմ բողոքել է, մինչև անգամ նրան Ղարաբաղից փախցրել է Էջմիածին, որտեղ նրան տեսել են յետոյ Մուրադեանն ու Շանշեանը։

Այնուհետև Մուրադեանր պատմում է, որ Գէորգ վարդապետը թէև Էջմիածնից վերադարձաւ Շուշի իր պաշտօնը շարունակելու, բայց առաջնորդական վիճակէն գոհ չը լինելով, գնում է Ճալեթու վանքը։ Ուտի գաւառում, Վարդաշէնի մօտ։ Մի առաւօտ միաբաններն տեսնում են, որ ընկուզենուց կախուած, խեղդուած է։ Արդեօք չէ՞ր մատնուած նա արդէն խղճահարութեան, գրում է Մուրադեանը, երբ ի ս. Էջմիածին վազում էր սենեակէ սենեակ այլայլած, ապշած․ նա չը համարձակուեց երկու խօսք ասել Շանշեանին, որ խիստ նկատողութիւն արեց նրան։

Այս ամենը պատմելով հանդերձ, Մուրադեանը, առանց կաթողիկոսական կոնդակը կամ նրա համառօտ բովանդակութիւնը մէջ բերելու, ասում է, որ կոնդակը ուղարկուած էր հոգաբարձութեանը։ Բայց «հոգաբարձուք պատկառելով յերևան հանել կոնդակն», 1864 թ. յունիսի 10-ին մի ընդարձակ պատասխան են գրում, ջրելով Շանշեանին վերագրուած ամբաստանութիւնը և խնդրելով թողնել նրան իր պաշտօնում. հակառակ դէպքում իրանց հոգաբարձուներին ևս համարել հրաժարուած, «զի ի հեռանալն նորա