Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չափազանց հեռու են կանգնած գիւղացիներից և իրենց շահերով խորթ են գիւղական ազգաբնակութեանը. այդպիսով անօգուտ է դառնում ամբողջ օգնութիւնը»։

Թերթը բողոքում է այդ երևոյթի դէմ և առաջարկում յիշեալ գործը յանձնել տեղական ընտրովի մարմիններին։

Այս տարի Զուգդիդի շրջանում եռանդուն գործունէութիւն է նկատւում. շատ կարճ ժամանակում բաւականին հանրօգուտ գործեր են արուած և ապագայի համար էլ ծրագրւում է աւելի լայն գործունէութիւն թշուառացած աշխատաւոր գիւղացիութեան ցաւերը գէթ մասամբ թեթևացնելու համար։

Նման եռանդուն գործունէութիւնն անշուշտ, ասում է «Սաքարթւելօ» թերթը, արժանի է գովասանքի, սակայն այդ ձևի գործունէութիւնը չը պիտի լինի մի գեղեցիկ օազիս ամբողջ անապատում, այլ նա պիտի տարածուի նաև Մինգրելիայի միւս գիւղերում՝ Ցափսում, Խեթայում, Խոբիում, Ծալէնջիխայում և այլն։ Առաջին նուազ անհրաժեշտ է գիւղացիութեան անյետաձգելի կարիքներին շուտափոյթ բաւարարութիւն տալ։ Ապա պիտի նպաստել վերականգնելու գիւղացիական աշխատանքները և ընդհանրապես ոյժ ու եռանդ թափել, որ վերակենդանանայ գիւղը։

Սղնախի, Գորուայ և այլ շրջաններում, ամենուրեք զգացւում է ալիւրի պակասութիւն. սպիտակ հացի գործածութիւնը վաղուց վերացել է այս շրջաններում։ Նոյն վիճակն են ապրում մեր երկրի նոյնիսկ կենտրոնական վայրերը։

Զեստաֆոնի ամրողջ շրջանը, ասում Է «Զվիրթի» թերթը, սովի վտանգի առաջ է կանգնած՝ չի ճարում ոչ հաց և ոչ եգիպտացորեն։ Կենտրոնական գիւղերն են թափւում սոված մարդիկ, գիւղացիներ, դատարկ տոպրակներով ու աչքներն արւնկալած այս ու այն կողմն են վազում, շտապում դեպի կօօպերատիւ խանութները, գոնէ այնտեղից մի փոքր ալիւր կամ եգիպտացորեն ստանալու համար։ Սակայն այստեղից էլ են դատարկաձեռն ետ դառնում։ Այսպէս օրեր են անցնում, երբ վերջապէս գիւղացիները երկար սպասումներից յետոյ ստանում են մի քանի օրուայ ալիւր և վազում գիւղ, իրենց անճար ընտանիքին հաց հասցնում։

Վայ այն գիւղացուն, որի տանը մէկն ու մէկը հիւանդանում է այս ծանր օրերին, ունևորները դեռ մի կերպ կարողանում են ստեղծուած դրութիւնից դուրս գալ՝ ծախում են տաւարը, հողը և ստացած փողով բժշկի, դեղերի ե այլ անհրաժեշտ կարիքների մասին հոգում։ Բայց գիւղի մեծամասնութիւնը բախտի ճակատագրին է թողնուած. այդպիսի ընտանիքներում հիւանղացողն արդէն մահուան է դատապարտուած, օգնող չկայ, դրամ չը կայ։ Գիւղի լաւագոյն զաւակները, մայրենի հող ու ջրից կտրուած, պատերազմի դաշտում կռւում են ընդհանուր հայրենիքի համար։ Գիւղը ամայի է։

Մի ժամանակ տիրող թանգութեան դէմ կռուելու համար զանազան շրջաններում տեղական ազգաբնակութիւնը վաճառականների խանութների թալանի ճանապարհը բռնեց։ Այս կողմից անմասն չը մնաց նաև Իմերեթիան։ Ցաւալի լուրեր էին ստացւում այդ վայրից, գրում է «Թանամեդրովէ ազրին», ալան թալանի մատնուեցին Սամտրեդին, Խոնին, Աբաշան, Բանձան, Սազինօն, Կուլաշը, Սոջունան և այլ մօտակայ վայրերը։