Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղջկան։ Բոլոր կանանց մէջ ամենից անմեղն է նա, ասում են նրանք, և ամենևին արժանի չէ մահուան իր անպայման ազնիւ արարքի համար։ Եթէ նա չի կամեցել անթագ թողնել ի կեր շների ու թռչունների մենամարտում ընկած հարազատ եղբօրը, միթէ՞ արժանի չէ նա փառաւոր պատուի այդ բանի համար>>: Ահա ինչ խուլ շշուկ է տիրում ամբողջ քաղաքում։ Ինձ համար, հայրիկ, ամեն բանից վեր է քո երջանկութիւնը։ Ինչո՞վ կարող են աւելի պարծենալ որդիք, քան իրենց երջանիկ հօր բարի անունով և հայրերը՝ իրանց որդոց։ Այդ՝ մտքումդ մի դնի, թէ այն է միայն ճշմարիտ, ինչ որ դու ես կամենում և ոչ ուրիշները։ Նա, ով միմիայն իրան է համարում և՛ խելօք, և՛ պերճախօս, և բարեբարո՝ իբր բացառութիւն բոլոր մարդկանց մէջ, լաւ որ քննում ենք, սովորաբար պարծենկոտի մէկն է դուրս գալիս։ Մարդու համար, թէպէտև լինի շատ իմաստուն, երբէք ամօթ չէ նոր բան սովորել և իր ասածի վրայ միշտ չը յամառել։ Տեսնում ես, ինչպէս են փրկում իրանց ճիւղերը այն ծառերը, որոնք գետերի յորդացած պահին ճկւում են ներքև, մինչդեռ ցից կանգնածներին արմատախիլ արած տանում է յորձանքր։ Այդպէս և նաւը, առագաստը չեն ծալում փոթորկի ժամին, կործւում է գլխիվայր, և նաւորդները նրա բեկորների վրայ են փրկում իրանց կեանքը։ Մեղմի՛ ուրեմն ցասումդ և փոխի արձակած վճիռդ։ Եթէ կարողանայի պատանի տեղովս յայտնել իմ կարծիքը, ես կասէի, որ լաւ կը լինէր, եթէ ամեն մարդ իբնէ ամենագէտ լինէր։ Բայց այդպիսի դէպքեր շատ են հազուագիւտ, ուստի լաւ է ուսանել նրանցից, որոնք խելօք են խօսում։

Առաջին ալեւոր. Տէր արքայ, եթէ արդար բան կայ սրա խօսքերում, լսիր ասածին, (ցոյց տալով Հեմոնի վրայ) դու էլ հօրդ լսիր, երկուսդ էլ խելօք խօսեցիք։

Կրէօն. Ի՞նչ. այս ծեր տեղովս պատանիներից պիտի խելք սովորեմ:

Հեմոն. (հանգիստ) Սովորի միայն այն, ինչ որ ազնիւ է, հայր: Ի՞նչ անենք, որ պատանի եմ։ Դու արարքիս նայի և ոչ տարիքիս։

Կրէօն. Ո՞ր գովական արարքիդ, ա՞յն, որ յարգում ես անզգամ մարդկանց։

Հեմոն. Ոչ, ես երբէք չէի պահանջի յարգ մատուցանել անզգամ մարդկանց։

Կրէօն. Այս աղջկանից էլ լաւ անզգա՞մ։

Հեմոն. Ոչ մի թեբացի չի ասի այդ։

Կրէօն. Մի՞թէ քաղաքացիք են սովորեցնելու ինձ իմ անելիքը: